Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Միջպետական  ճանապարհն ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանելու համար ոչինչ նախատեսված չէ

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի  հատված ձգվում է սահմանագոտով, ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Ճանապարհը նախկինում  բազմիցս գնդակոծվել է  ադրբեջանական զինուժի կողմից:  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հետեւյալ հարցումն ենք ուղարկել՝  նախատեսվո՞ւմ է   միջպետական ավտոճանապարհի սահմանամերձ, Ոսկեպար-Բաղանիս հատվածում արագ աճող բարդիներ տնկել, քարե պատ կառուցել, կամ հողաթմբեր սարքել, որպեսզի մեքենաների երթեւեկն  ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանված լինի: Ստացվել է  Տավուշի մարզպետարանի  աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանը, ուր ասված է. «Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի վտանգավոր տեղամասերը ուսումնասիրվել են ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ համապատասխան նախագծային կազմակերպության կողմից: 2017թ. պետական բյուջեի միջոցներով կամ այլ ծրագրերով Մ16-Բաղանիս-Մ16 միջպետական նշանակության Ոսկեպար –Բաղանիս հատվածում անվտանգության ապահովման միջոցառումների (հենապատի, գաբիոնի, վտանգավոր հատվածների քողարկման տարրերի տեղադրում, այլընտրանքային ճանապարհահատվածների կառուցում) իրականացում մարզպետարանի ունեցած տեղեկատվությամբ նախատեսված չէ»: Նախկինում հայտնել ենք, որ ադրբեջանցիները Ղազախի շրջանի  սահմանամերձ Մազամ գյուղի մուտքին,  Մազամ եւ Ղուշչի –Այրում գյուղեր տանող ճանապարհին  քարե երկար  պատ են կառուցել:    

Հրապարակվել է։ 16:00 22/11/2017