Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մրգի սառնարաններն ինչո՞ւ են դատարկ

2008թ. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքի Արճիս գյուղում Հունաստանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղադրվեց 200 տոննանոց հատուկ սառնարան՝ մեծ քանակությամբ բնամթերք պահեստավորելու համար։ Ներդրումը կատարել էր Հունաստանի կառավարությունը՝ սառնարանը հանձնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» Այդ մեծ սառնարանը հիմա դատարկ է: 10 տոննա տարողությամբ երկու սառնարան ունի «Միրգ» ՍՊԸ տնօրեն, Այրումի նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանը: Նա ասաց, որ իր սառնարանները մրգի երկարատեւ սառեցում չեն ապահովում, այլ`պահպանություն: Քանի որ դեղձը շուտ փչացող է, նախատեսվում էր սառնարանում արքայանարինջ (կորոլյոկ) պահպանել: Սակայն դա էլ տնտեսապես ձեռնտու չէ, գնորդ չկա: Ռ. Անտոնյանն ասաց, որ հիմա Ռուսաստանում արքայանարնջի կիլոգրամի գինը 35 ռուբլի է, որը համարժեք է 190 դրամին: Ռուսական շուկայում գերիշխող է Մոլդովայից, Ղրիմից, Ադրբեջանից եւ Կրասնոդարից առաքված արքայանարինջը, որը հայկականի համեմատ էժան է: «Միրգ» ՍՊԸ -ն արտադրում է մրգի պահածոներ: Այրում քաղաքում գտնվող այդ արտադրամասն այժմ պարապուրդի է մատնված, որովհետեւ առաքման շուկա չունեն: Ռ. Անտոնյանն ասաց, որ արտերկրում գնորդներ են որոնում, որպեսզի կարողանան նրանց պահածոներ առաքել: Խորհրդային տարիներին արդյունաբերական հսկա հանդիսացող Այրումի պահածոների գործարանը վաղուց արտադրանք չի թողարկում: Հավելենք, որ 2017թ. ցրտահարության եւ կարկտահարության հետեւանքով Դեբեդի հովտում դեղձի եւ այլ մրգերի բերքը քիչ էր, եղածի մի զգալի մասն էլ` տեսքով անորակ: Այդ պատճառով այգեգործներից շատերը գերադասեցին այդ մրգերից տնական օղի թորել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 26/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia