Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մշակվում են Ալավերդի, Ամասիա, Թումանյան և Բերդ խոշորացված համայնքների աղետների ռիսկի կառավարման պլաններ

Մշակման փուլում են Ալավերդի, Ամասիա, Թումանյան և Բերդ խոշորացված համայնքների Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանները:

Աղետների ռիսկի կառավարման պլանը նպատակ է հետապնդում համայնքում ստեղծել և զարգացնել ԱՌԿ համակարգ: ԱՌԿ համակարգը իրենից ներկայացնում է գործընթացների և գործառույթների մի շրջանակ, որի նպատակն է հզորացնել աղետներին դիմակայելու համայնքային կարողությունները, կանխել կամ կանխարգելել վտանգները, նվազեցնել այդ վտանգների հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև նպաստել համայնքի և հասարակության կայուն զարգացմանը:

Վերոնշյալ համայնքների ԱՌԿ պլանի մշակման գործընթացը սկսվել է ս.թ օգոստոս ամսից: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սույն պլանները մշակող աշխատանքային խումբը այցեր է կատարել համայնքներ և հավաքագրել՝ ԱՌԿ պլանի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Այցերի ժամանակ բոլոր բնակավայրերը լուսանկրահանվել են անօդաչու թռչող սարքերով, իսկ ստացված նկարները օգտագործվել՝ որպես քարտեզ, համայնքի վտանգները, խոցելի տարրերը և կարողությունները նշելու համար: Սույն քարտեզները որակապես ավելի բարձր են, քան մինչ այդ օգտագործվող «Google map» ծրագրի քարտեզները:

Ս.թ. նոյեմբերի 18-29-ը ևս մեկ այց կազմակերպվեց թիրախ համայնքներ` նպատակ ունենալով շարունակել մշակման գործընթացը, ճշգրտել թերի տեղեկատվությունը և իր տրամաբանական ավարտին հասցնել ԱՌԿ պլանների մշակման աշխատանքները:
Այս անգամ աշխատանքային խմբում ընգրկված էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչների առաջնորդությամբ աշխատանքային խումբը հանդիպումներ ունեցավ համայնքների ղեկավարների, համայնքապետարանի ղեկավար կազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքում գործունեություն ծավալող որոշ կազմակերպությունների հետ, որոնց ընթացքում ամփոփ ներկայացրեց ԱՌԿ պլանի նպատակը, խնդիրները և կարևորությունը:

Երկշաբաթյա աշխատանքների արդյունքում վերջնականացվեցին.
Վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմաները՝ բնակավայր առ բնակավայր:,
ԱՌԿ միջոցառումների տարեկան պլան-ժամանակացույցը:,
Բացահայտված վտանգների հավանականության և ազդեցության աղյուսակը ըստ ամիսների:,
Ստանդարտ գործողությունների ընթացակարգերը տարբեր վտանգների դեպքում:,
ԱՌԿ պլանի «Համայնքի բնութագիր», «Համայնքի ընդհանուր վտանգների, խոցելիության նկարագրությունը, դրանց բացասական հետևանքները և հնարավոր լուծումները», «Համայնքի կարողությունների նկարագիրը» և այլն:

Պլանները գրեթե պատրաստ են: Ներկայումս իրականացվում են որոշ խմբագրման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո պլանների ամբողջական փաթեթները կուղարկվեն վերոնշյալ համայնքներին: Համայնքապետարաններն էլ իրենց հերթին դրանք համաձայնեցման կուղարկեն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետարաններ և մարզային փրկարարական վարչություններ: Նշված կառույցների համաձայությունը ստանալուց հետո ԱՌԿ պլանները կհաստատվեն Ամասիա, Ալավերդի, Թումանյան և Բերդ խոշորացված համայնքների ղեկավարների կողմից՝ 2020 թվականի համար:

Սույն գործընթացը մաս է կազմում «Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքներում» ծրագրի, որը իրականացվում է ՄԱԿ-ի 6 գործակալությունների կողմից և ֆինանսվորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի կողմից:
Բաղադրիչի իրականացնողն է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

 Աղբյուրը՝ http://www.arnap.am/?p=9138

 

Հրապարակվել է։ 10:52 06/12/2019