Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Նարեկ Վանեսյանը դեմ է Սամվել Մարգարյանին առողջապահության նախարար նշանակելուն

Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը համացանցով, բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ պատճառաբանել է, թե ինչու Սամվել Մարգարյանին չպետք է առողջապահության նախարար նշանակել: Նրա նամակում ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ: Երկու օր է շրջանառվում է Սամվել Մարգարյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու Ձեր ցանկության մասին: Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներ հայտնում ենք մեր դժգոհությունը հետևյալ հիմքերով` 1. Նա Ալթունյանի կադրն է, ներկայացուցիչն է եւ սպասարկելու է բացառապես նրա շահերը: 2. Նա կանգնած է եղել Ալթունյանի բոլոր չստացված, տապալված ծրագրերի հիմքում եւ համահեղինակներից մեկն է: 3. Փաստացի լինելով նախարարության ֆինանսական ոլորտը համակարգող փոխնախարար, նա անգամ չի փորձել արդարացի բաշխել պետական պատվերը եւ «Վարդանանց» բժշկական կենտրոնին եւ հետագայում սոցիալական փաթեթի հատկացման մասով «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը փոխանցել է ահռելի գումարներ: 4. Որպես էլեկտրոնային առողջապահության ներդրման համակարգող փոխնախարար, նա տապալել է ծրագիրը, բժշկական շրջանակներում առաջացրել դժգոհություններ, նպաստելով հերթական ֆինանսական մեծ հոսքեր ուղղել դեպի իրենց շահերը սպասարկող մասնավոր հիմնարկ: 5. Նրա համար առողջապահությունը բացառապես բիզնես է, իսկ պացիենտը՝ կլիենտ: 6. Նրա համար չստացված ծրագրերի հիմնավորումը տվեք ձեռս ջարդեքն է: 7. Նա տեղյակ չէ բժշկական ոլորտում առկա իրական խնդիրներից: 8. Նրա կողմից առաջարկված օպտիմալացման ծրագրերի արդյունքում մի քանի հարյուր մարդ կրճատվել են, եւ նրանց մի մասի փոխարեն նշանակվել ոչ կոմպետենտ եւ իրենց հարազատ մարդիկ: 9. Առողջապահության նախարարը պետք է լինի բժշկական ոլորտից, առողջապահության մեծ ընտանիքից, որին նա չի ինտեգրվել եւ չի էլ ինտեգրվելու: Խնդիրների շարքը կարելի է բավականին երկար գրել: Պարոն վարչապետ, մինչև նրա նշանակումը խնդրում եմ հանդիպել բժշկական հանրության հետ, մենք սպասում ենք ձեր արձագանքին: Որովհետև նրա նշանակման դեպքում առողջապահության ոլորտը շարունակելու է անհարմարություն պատճառելով թե՛ բժշկին, և թե՛ պացիենտին՝ գահավիժել»: Լուսանկարը՝ Նարեկ Վանեսյանի ֆեյսբուքյան էջից Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 11/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM