Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշեց արգելել երկրաբանահետախուզումը եւ մետաղական հանքերի շահագործումը

Այսօր`մայիսի 30-ին կայացավ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ: Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու եւ մետաղական հանքեր շահագործելու արգելքին: Համայնքի երիտասարդները նախաձեռնել էին այդ աշխատանքների դեմ ստորագրահավաք, հանրագրի տակ ստորագրել է համայնքի 3074 չափահաս քաղաքացի: Ավագանու նիստում խնդրի քննարկում եղավ: Ավագանու անդամներից ոմանք հարցրին, թե ընդունվելիք որոշումն իրավաբանորեն անխոցելի՞ է, այն կառավարության կողմից կարո՞ղ է անվավեր համարվել: Ավագանու անդամ Նիկոլայ Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ հարկ է սահմանել բաց եղանակով շահագործվելիք մետաղական հանքերի շահագործման արգելքը, ոչ թե՝ ընդհանրապես հանքարդյունահանման: Ավագանու անդամները հայտարարեցին` համայնքի բնակիչները, իրենք համոզված են, որ Նոյեմբերյանի տարածքում հարկ է զարգացնել էկոտուրիզմ,հողագործություն, անասնապահություն, որոնք անհարիր են մետաղական հանքերի շահագործման հետ: Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 184 հոդվածի 3-րդ մասը, ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշեց արգելել Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ: Որոշումն ընդունվեց 10 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Հայտնել ենք, որ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում էր 2018-2021 թթ. իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության ընդվզման արդյունքում այդ ընկերությունը հրաժարվեց Նոյեմբերյան եւ Կողբ համայնքներում նախատեսված այդ աշխատանքներից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 30/05/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia