+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանցի վարորդները դժգոհ են Վրաստանում ԱՊՊԱ-ի գներից

Մարտի 1-ից Վրաստանի տարածք մտնող, այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցի տերը Վրաստան մտնելիս պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Ավտոտրանսպորտի ապահովագրություն կատարվելու է Վրաստանի Սարպի, Ցիտելի Խիդի, Սադախլո եւ Կազբեգի սահմանային անցակետերում: Առանց ապահովագրելու Վրաստանի տարածքում տրանսպորտային միջոցների շարժի դեպքում վարորդը տուգանվելու է 100-200 լարիի չափով, որը մոտավորապես կազմում է 20-40 հազար դրամ: Վրաստան մտած մարդատար ավտոմեքենաների համար պահանջվում է մինչեւ 15 օր ժամկետով ապահովագրում կատարել, որի դեպքում պետք է վճարել 30 լարի, որը մոտ 6000 դրամ է: Ավտոտրանսպորտի ապահովագրում կատարվելու է նաեւ 30 եւ 90 օրով եւ մեկ տարով: Մարդատար ավտոմեքենայի մեկ տարով ապահովագրության վճարը սահմանված է 295 լարի, կամ մոտ 59 հազար դրամ: Ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների ապահովագրության վճարները ավելի մեծ են: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը սահմանակից է Վրաստանին: Նոյեմբերյանցի վարորդները կողմ են, որ Վրաստան մտնող իրենց ավտոմեքենաներն ապահովագրվեն, ինչը իրենց հնարավորություն կտա այդ երկրում ավտովթարների դեպքում նյութական քիչ վնասներ կրել: Սակայն վարորդները մեզ դժգոհեցին, որ ավտոմեքենաների ապահովագրության վճարները Վրաստանում բարձր են սահմանվել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 28/02/2018