Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Որպես բողոք 21 ծառի հատելու գործը արագ հասավ դատարան

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Շահեն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումները կանխարգելուն ուղղված միջոցառումների հանդեպ իր բողոքն արտահայտելու նպատակով 2018թ. օգոստոսի լույս 13-ի գիշերը կազմակերպել է համագյուղացի Դավիթ Հովհաննիսյանի օժանդակությամբ, նույն գյուղի բնակիչներ Գեւորգ Բաբինյանի եւ Վալարիկ Թամամյանի կողմից նախնական համաձայնությամբ, նշված ժամանակահատվածում, բնության հատուկ պահպանվող տարածք համարվող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9-րդ եւ 11-րդ պահաբաժիններում 21 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումը `պետությանը պատճառելով 2 միլիոն 567 հազար 500 դրամի վնաս: Ըստ մեղադրական եզրակացության` ապօրինի ծառահատումներին Դ. Հովհաննիսյանի օժանդակությունը եղել է այն, որ նա բենզասղոցը դեպքի վայր է հասցրել եւ էլեկտրական լամպերով անտառը լուսավորել է: Շ. Մանուչարյանին եւ Դ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296 հոդվածի 3-րդ մասով («Հանցակցությունը ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»), Գ. Բաբինյանին եւ Վ. Թամամյանին`296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»): Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործը վարույթ է ընդունել օգոստոսի 31-ին, դատաքննության առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 18-ին: Ապօրինի ծառահատումից ընդամենը 18 օր հետո քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան: Նման արագությունը կարող է բացատրվել այն բանով, որ այդ ծառահատումն իրականացվել է որպես ապօրինի ծառահատումները կանխարգելող միջոցառումների դեմ բողոքի գործողություն: Օգոստոսի 11-ին Հաղարծինում շուքով նշվեց գյուղի 200-ամյակը, տոնական միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, կոչ արեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու, հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «Դրուժբաները» եւ միացնել միտքը»: Նա հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել առանց բնությանը վնասելու տնտեսական գործունեություն նախաձեռնողները: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները կտրվեն անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով: Դրանից մեկ օր հետո կազմակերպվել է գիշերով 21 ծառի ապօրինի հատումը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 20/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia