Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոսկեպարցիները չեն կարողանում իրենց տները գրանցել

 

Տավուշի  մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը  դեկտեմբերի 19-ին    հայտնեց, որ տարիներ շարունակ չի լուծվում  իր եւ 2  համագյուղացիների տների փաստաթղթավորման խնդիրը։  Ոսկեպարի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը չեն կարողանում իրենց առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում եւ այդ տների համար ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Այդ տներից մեկը՝ Հրանտ Գեւորգյանի եռահարկ, տուֆակերտ առանձնատունը կիսակառույց է, այն կանգուն է, սակայն ներքին հարդարման աշխատանքները կատարված չեն: Հրանտ Գեւորգյանն այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն իրենց ընտանիքներով Ոսկեպարի հիմնական բնակիչներ են: 3 առանձնատները գյուղից հեռու, կտրված տարածքում չեն, դրանք կից են ոսկեպարցիների տներին: Խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող քարտեզով այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի տարածք: Խորհրդային տարիներին ըստ քարտեզի՝ այդ ձորի միջով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն մոտակայքում ադրբեջանական բնակատեղի կամ կառույցներ չեն եղել: Ոսկեպարից տեղեկացանք, որ 3 տների հարցով  դիմել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանին, վերջինս էլ հարցը Երեւանում ներկայացրել է իրավասու մարմիններին: Այնտեղից պատասխանել են, որ խնդիրը չի լուծվում, որովհետեւ այդ տարածքները կադաստրային քարտեզում նշված չեն: Այդպիսով՝ այդ ընտանիքները իրավունք չունեն իրենց տները վաճառել, կտակել, նվիրել, գրավ դնել եւ այլն: Ոսկեպարից հայտնեցին, որ հիշյալ առանձնատները կառուցելիս դրանց տերերը համապատասխան հատակագիծ, շինթույլտվություն չեն ստացել, դրանք ապօրինի կառույցներ են: Հավելենք, որ  այդ տների կողքով ձգվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հատված հանդիսացող Ոսկեպար-Կիրանց  ավտոճանապարհը,որը շրջանցում է հայ-ադրբեջանական սահմանագոտին։ Այդ շրջանցիկ  ավտոճանապարհը  Լինսի հիմնադրամի  ֆինսանսավորմամբ կառուցվել է 2000-2001թվականներին։ Նախկին, խորհրդային տարիներին գործած հիմնական ավտոճանապարհը ձգվում էր  սահմանագոտով, անցնում  Ադրբեջանի վարչական տարածքով։ Այն  հիմա չի գործում, այդ հատվածով ռազմական նշանակության անհարթ ճանապարհ է։

Հրապարակվել է։ 10:39 20/12/2019