Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանության բաժնում խոշտանգում իրականացնելու մեջ մեղադրվողը պնդում է, թե քրգործը շինծու է

Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի լիազորությունները կասեցված են, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրական կողմը ներկայացնում է ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը: Ժ. Սիմոնյանի շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Հոկտեմբերի 4-ի նիստում դատախազ Վարդգես Սարգսյանը քրեական գործի հետ կապված բազմաթիվ հարցադրումներ արեց Գ. Մարդանյանին: Վերջինս ասաց, որ քրեական գործը շինծու է, նախաքննությունը կատարել են ոչ օբյեկտիվ, իր անմեղությունը վկայող շատ ապացույցներ նախաքննական մարմինը հաշվի չի առել, այդ առթիվ քննիչն իրեն ասել է, որ Սերժ Սարգսյանին դեպքի մասին զեկուցել են: Հետո դատախազը միջնորդեց հրապարակել Գ. Մարդանյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ իր գնահատմամբ՝ նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների մեջ էական հակասություններ կան: Ամբաստանյալի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը առարկեց այդ միջնորդության դեմ, ասելով, որ նման հակասություններ չկան: Դատավոր Զոյա Զաքինյանը բավարարեց միջնորդությունը: Դատախազ Վ. Սարգսյանը հարցեր ուղղեց Գ. Մարդանյանին: Դատական նիստի ավարտին դատախազ Վ. Սարգսյանը միջնորդեց որպես վկա դատակոչել ոստիկանության աշխատակիցներ Արա Աստանյանին եւ Սամվել Աղաբեկյանին: Արա Աստանյանը նախկինում դատարանում որպես վկա հարցաքննվել է: Գ. Մարդանյանի պաշտպան Ռ. Ալիխանյանը դատարանին միջնորդեց որպես վկա դատակոչել Գերասիմ Մարդանյանի հորը`Աշոտ Մարդանյանին: Դատարանը բավարարեց բոլոր միջնորդությունները: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 05/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia