CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փայտի խորանարդ մետրը` 27 հազար դրամ, սահմանամերձ դպրոցն ինչպե՞ս վճարի

Օգոստոսի 27-ին Իջեւանում, Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակից Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները կրթության եւ գիտության նախարարին հարցեր տվեցին իրենց դպրոցներում առկա սուր հիմնախնդիրների վերաբերյալ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանին այլ հարցերից առավել մտահոգում էր առաջիկա ձմռանը դպրոցը վառելափայտով ջեռուցելու խնդիրը: Նա ասաց, որ նախանցյալ տարի մեկ խորանարդ մետր վառելափայտի գինը 15 հազար դրամ էր, անցյալ տարի՝ 20 հազար,իսկ այս տարի՝ 27 հազար դրամ: Ա. Ասատրյանն ասաց, որ իրենց դպրոցում ձմռանը 30 վառարան է գործում, իրենք ստիպված կլինեն վառելափայտի համար մեծ գումար վճարել: Նախարար Ա. Հարությունյանը հարցրեց, թե Բերդավանը գազաֆիկացվա՞ծ է, ինչո՞ւ դպրոցը բնական գազով չի ջեռուցվում: Տնօրենն ասաց, որ դպրոցի տարածքը մեծ է, 4800 քառակուսի մետր տարածքը բնական գազով ջեռուցելու դեպքում մեծ գումարներ կծախսվեն: Նախարարը խոսեց կրթա-մշակութային մոդելի մասին, երբ նույն հարկի տակ գործում են դպրոցը, գյուղի մշակույթի կենտրոնը, մանկապարտեզը: Ա. Ասատրյանը պարզաբանեց, որ Բերդավանում գործում է վերանորոգված մշակույթի տուն, մանկապարտեզ, իրենց դպրոցն ունի ավելի քան 300 աշակերտ, դպրոցը մեծ հաջողություններ ունի աշակերտների ուսման գործում: Նախարարն ընդունեց,որ այդ մոդելը չի կարող գործել Բերդավանի դպրոցի դեպքում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 30/08/2018