Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փոքր Բարեկամավանի մեծ խնդիրները

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանակից  գյուղ  է։ Այդտեղից մեծ արտագաղթ է եղել, Բարեկամավանի  Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցում անցած ուսումնական տարում  17 աշակերտ էր սովորում, որից մեկը դարձավ  շրջանավարտ։  Փոքր գյուղն ունի մեծ խնդիրներ ունի։  2015թվականին Բարաեկամավանը ԻՖԱԴ-ի ծրագրով  գազաֆիկացվել  է, հարեւան Կոթի գյուղից Բարեկամավան գազատար է անցկացվել, որից գյուղի թաղեր ճյուղավորումներ են արվել; Սակայն անցած 5 տարում  Բարեկամավանում ոչ մի բաժանորդ չի  ավելացրել, Կոթիի տարածքում  դեպի Բարեկամավան տանող գազատարը եռակցված, փակված է։ Բարեկամավանում բնական  գազի բաժանորդներ չկան, որովհետեւ իրարից մեծ հեռավորությամբ գտնվող  գյուղի տները գազաֆիկացնելու,  դեպի առանձնատներ գազի ճյուղավորումներ  անցկացնելու համար  մեծ գումարներ են  անհարաժեշտ, որոնք կարիքի մեջ գտնվող, սոցիալապես անապահով  բարեկամավանցիները չունեն։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ իրենք  այդ խնդրով մի անգամ դիմել են Գազպրոմ Արմենիա ընկերությանը, անհրաժեշտ է, որ այդ ընկերությունը Բարեկամավանի առանձնատները գազաֆիկացնելու հատուկ ծրագիր իրականացնի։ Բարեկամավանի  համար ամենացավոտ խնդիրը խմելու ջրի հարցն է։ Գյուղը ոռոգման ջուր չունի, խորքային   երկու հորերից մղվող ջուրը գյուղացիները օգտագործում են խմելու, իրենց տնամերձ այգիների ոռոգման, անասուններին ջրելու, իրենց կենցաղային կարիքների համար։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ խորքային հորերից երկու  պոմպերը միասին ժամում    մղում են 5,5տոննա ջուր, սակայն  առավել հզոր, ժամում 4 տոննա ջուր մղող պոմպը երկար գործարկելու դեպքում խորքային հորում ջուր չի մնում։  Ջրի խնդիրը հատկապես սրվում է ամռան ամիսներին, երբ  խիստ շոգ է։ Դեռեւս որոշված չէ, թե ինչ եղանակով է լուծվելու Բարեկամավանի խմելու ջրի խնդիրը։ Բարեկամավանի համար ցավոտ խնդիր է Նոյեմբերյանի սարերում գտնվող Շլորկուտ եւ Կոպալի գյուղատեղ սարամասերի խորհարքների եւ արոտավայրերի  տնօրինման խնդիրը։ Այդ սարամասերը վաղուց ի վեր օգտագործվում են բարեկամավանցիների կողմից, սակայն 2010թ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններով, նոր քրատեզագրումով  նշված սարամասերը տրվել են այլ բնակավարերի օգտագործմանը։  Այդ խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզի այլ բնակավայրերում։ Վերջերս  կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հայկ Չոբանյանը համայնքների ղեկավարներին եւ Տավուշի մարզպետարանի  աշխատակիցներին  հայտնել է, որ նրանք պետք է զբաղվեն այդ տարածքների տնօրինման  ճշգրտման խնդրով, որպեսզի պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքները օրինական հիմունքներով տնօրինվեն, հիմնահարցին լուծում տրվի։

Հրապարակվել է։ 07:19 29/06/2020