Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պատերազմի վետերանների պարգեւավճարներն ուշանում են

 

Տավուշից Հայրենական պատերազմի վետերանները անհանգստացած են, որ մայիսի 9-ից բավական ժամանակ է անցել, սակայն իրենք չեն ստացել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Ռուսաստանից ուղարկված հոբելյանական մեդալները եւ 30 հազար 500 դրամը, ինչպես նաեւ՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր վետերանին տրվելիք 300 հազար դրամ պարգեւավճարը։ Վետերանների տարիքը մեծ է, նրանք  90-ն անց են,  առողջական վատ վիճակում են, նրանց ոմանք  կարող են չապրել մինչեւ գումարների վճարման օրը։ Հեռախոսազրույց ունեցանք Հայրենական մեծ պատերազմի վետերանների  միավորման նախագահ Սիմոն Եսայանի հետ։  Վերջինս, ի դեպ, ծնունդով Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է։ Նա ասաց, որ Ռուսաստանից ուղարկված մեդալները եւ գումարները իր մոտ են գտնվում, ինքը դրանք բաժանում է Երեւան քաղաքում բնակվող Հայրենական պատերազմի վետերաններին, որից հետո ինքը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից ավտոմեքենա կխնդրի, որպեսզի մեկնի մարզեր ,  մեդալները եւ գումարները հանձնի վետերաններին։ Ս Եսայանը հայտնեց, որ մարզեր մեկնելուց առաջ ինքը նախօրոք կտեղեկացնի տվյալ մարզի վետերանների միության նախագահին։  Նա հայտնեց, որ նախատեսում է մինչեւ հունիսի 10-ն  ավարտել մեդալների եւ գումարների բաժանումը։ Վետերանների միավորման նախագահը նաեւ  տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից հատկաцցված  300 հազարական  դրամ պարգեւավճարը վետերաններին կտրվի հունիս  ամսվա կենսաթոշակի հետ։

Հրապարակվել է։ 08:43 29/05/2020