Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պայմանագրային զինծառայողը Իջեւանում բացահայտ հափշտակել է միայնակ քայլող կանանց պայուսակները

Իջեւան քաղաքում 1993թ. ծնված, ներկայումս Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում բնակվող պայմանագրային զինծառայող Գարիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ 2015թ, հունվարի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում Իջեւան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի շքամուտքի առաջին հարկի աստիճանավանդակների վրա հետեւի կողմից մոտեցել է աստիճանավանդակով վերեւ բարձրացող այդ շենքի բնակչուհուն, քաշելով վերջինիս ձեռքից՝ բացահայտ հափշտակել է նրա կանացի պայուսակը, որի մեջ եղել են անձնական օգտագործման իրեր ու 6 հազար դրամ կանխիկ գումար եւ դիմել է փախուստի`կնոջը պատճառելով 30 հազար դրամի գույքային վնաս: Դրանից հետո Գ. Գեւորգյանն այդ կնոջից հափշտակված պայուսակից վերցրել է վերջինիս անունով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում սպասարկվող բանկային քարտը եւ դրա գաղտնաբառը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում բանկային քարտի միջոցով ապօրինի մուտք է գործել Իջեւան քաղաքի կենտրոնական շատրվանների շրջակայքում գտնվող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին պատկանող, պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ փորձել է գումար կանխիկացնել, սակայն հաշվին գումար չլինելու պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Բացի այդ, Գ. Գեւորգյանը ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ 2015թ, ապրիլի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում Իջեւան քաղաքի Անկախության փողոցի սկզբնամասում, «Երիտասարդական» սրճարանի առջեւ մայթով քայլելու ժամանակ հասնելով Իջեւան քաղաքի մի բնակչուհու,բռնելով քաշել ու բացահայտ հափշտակել է նրա ձեռքին եղած կանացի պայուսակը, որի մեջ եղել են անձնական օգտագործման իրեր եւ 5 հազար դրամ կանխիկ գումար ու դիմել է փախուստի` կնոջը պատճառելով 30 հազար դրամի գույքային վնաս: Գ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով(«Կողոպուտը`ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»), (2 դրվագով) եւ 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողության փորձը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած դատաքննության ընթացքում Գ. Գեւորգյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: Դատարանը նրա մեղքը ապացույցված է համարել նաեւ այլ ապացույցների համակցությամբ: 2018թ. հոկտեմբերի 10-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Գեւորգյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքում եւ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով առաջին հանցագործության համար նշանակել տուգանք՝ 200 հազար դրամի չափով, 176 հոդվածի 1-ին մասով երկրորդ հանցագործության համար նշանակել տուգանք՝ 200 հազար դրամի չափով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանցագործության համար նշանակել տուգանք` 500 հազար դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով Գարիկ Գեւորգյանին վերջնականապես դատապարտել տուգանքի` 600 հազար դրամի չափով: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 29/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia