Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանագոտու բնակիչները գազատարը միացնելու փող չունեն

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնադրամի կողմից, «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD) ստացված վարկային միջոցներով 2014թ. ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս գյուղերի գազիֆիկացումը: 4 տարի է անցել, սակայն այդ գյուղերի բնակիչների մի մասը դեռեւս չեն օգտվում երկնագույն վառելիքից: Գյուղացիները փող չունեն, որ իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Գյուղերի բնակիչները յուրաքանչյուր գծամետր խողովակ անցկացնելու համար պետք է վճարեն 4 հազար դրամ: Այդ գումարը ներառում է եւ խողովակի արժեքը եւ աշխատողների վճարը: Մեկ առանձնատան համար գազիֆիկացման ծախսը կազմում է 80-100 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից այդ տան հեռավորությունից: Ներկայումս Բարեկամավան գյուղում բնական գազի բաժանորդ չկա, Կոթիում ընդամենը 70 բաժանորդ գոյություն ունի, Ոսկեվանում, Բաղանիսում, Ոսկեպարում բնակիչների մի մասն է բաժանորդ: Ռուսաստանում բնակվող, Ոսկեպարից սերված գործարարներից մեկը վճարել է իր համագյուղացիների տները գազի խողովակներ անցկացնելու գումարը, սակայն աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, Ոսկեպարի բնակիչների մի մասն է գազի բաժանորդ: Հուլիսի 21-ին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ Նոյեմբերյանում հանդիպման ժամանակ սահմանամերձ գյուղերի ղեկավարները բարձրացրել են այդ գյուղերի տների գազատար անցկացնելու թանկ վճարի հարցը: Նախարարն ասել է, որ ինքը ծանոթ է խնդրին, կփորձի հարցի լուծումը, գտնել, բանակցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 09:55 30/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia