Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Այգեձորում ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը`www.berdcity.am  հայտնում է, որ    «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արևային Տավուշ» ծրագրի շրջանակում Այգեձորի դպրոցի և մանկապարտեզի տանիքներին ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել:  

Նշենք, որ «Արևային Տավուշ» ծրագիրն իրականացվում է 2 փուլով: Ըստ նախատեսվածի՝ առաջին փուլի շրջանակում Տավուշի մարզի Լուսաձոր, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղերում արդեն տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ՝ համայնքային նշանակության կառույցների և արևային ջրատաքացուցիչներ՝ սեփական տների վրա:

Ինչպես տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի աշխատակից Գևորգ Գևորգյանը. «Այգեձորն ի սկզբանե ընդգրկված չի եղել ծրագրում: Առաջին փուլի շրջանակում Լուսաձոր, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղերի հետ միասին ընդգրկված էր նաև Դիտավան գյուղը, սակայն մեր արգենտինացի բարերարները, որոնք շարունակական օգնություն են ցուցաբերում Դիտավանին, պատրաստակամություն հայտնեցին նաև այդ ծրագիրն իրականացնելու գյուղում: Իսկ մենք որոշեցինք ավելացած միջոցներն ուղղել մեկ այլ գյուղի և ընտրեցինք Այգեձորը»:

Ֆոտովոլտային կայաններից զատ՝ ծրագրով նախատեսված է  բնակիչների սեփական տների վրա արևային ջրատաքացուցիչների տեղադրումը, սակայն քանի որ Այգեձորն ի սկզբանե չի եղել ծրագրում, ներկա պահին ջրատաքացուցիչների հարցը չի քննակվում:

Հավելենք, որ «Արևային Տավուշ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում Պառավաքար, Այգեպար, Ոսկեպար գյուղերում տեղադրվում են  4  ֆոտովոլտային կայաններ՝ համայնքային նշանակության կառույցների և 101 արևային ջրատաքացուցիչներ՝ սեփական տների վրա՝ հաշվի առնելով  ընտանիքների անդամների քանակը և ջրագծերի տեխնիկական պայմանները:

Հրապարակվել է։ 18:37 09/09/2019