Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բերդավանում հիմնվեց «Խաղաղության պուրակը» (Ֆոտոշարք)

Այսօր` նոյեմբերի 18-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում կայացավ ծառատունկ: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան տանող ճանապարհի եզրերին` Բերդավանի մատուռի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի շրջակայքում, հիմնվեց «Խաղաղության պուրակը»: Ծառատունկը կայացավ «Մեկ ընտանիք, մեկ ծառ» կարգախոսով: Յուրաքանչյուր բերդավանցի ծառ տնկելով` արմատների հետ հողում թղթին գրված իր ցանկություն էր զետեղում` ցանկանալով, որ այդ իղձն իրականանա: Ծառատունկի մասնակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպվել: Երեւանից ժամանած ազգագրական համույթը հանդես եկավ երգ ու պարով՝ բերդավանցիներին համակելով ուրախությամբ: Ծառատունկին մասնակցում էին ոչ միայն Բերդավան գյուղի բնակիչներ: Միջոցառմանը մասնակցում էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Ամիրաղյանը, Նոյեմբերյանի սահմանագոտին պաշտպանող զորամասի զինծառայողներ: Ծառատունկին աջակցություն էր ցուցաբերել ռուսաստանաբնակ բերդավանցի Արթուր Զուրաբյանը, տնկիները տրամադրել էր «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնը: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ ծառատունկ ամեն տարի է կատարվելու: Նրա խոսքերով`ծառատունկի նպատակը ոչ միայն Բերդավանի տարածքը կանաչապատելն է, այլ նաեւ բերդավանցիներին լավ գործերի իրականացման համար համախմբելը:

Հրապարակվել է։ 00:00 19/11/2017