Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բերդավանում տոնվեց բանակի տարեդարձը (ֆոտոշարք)

Բերդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից է, որը 20 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Բերդավանցիները մեծ մասնակցություն են ունեցել 1990-ական թվականների ազատամարտին: Հունվարի 28-ին ՀՀ բանակի 26-րդ տարեդարձը Բերդավանում մեծ շուքով նշվեց: Հանդիսությունը կայացավ գյուղի մշակույթի կենտրոնում, որն ադրբեջանական զինուժի հրետակոծությունից վնասվելուց հետո վերականգնվել է: Միջոցառումը կազմակերպել էր Բերդավանի մշակույթի կենտրոնը՝ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանի գլխավորությամբ: Մշակույթի կենտրոնի դահլիճը եւ օթյակը լեփ լեցուն էին: Տոնական միջոցառմանը ներկա էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որի կազմում նաեւ Բերդավան գյուղն է) ղեկավար Կարեն Աբազյանը՝ իր տիկնոջ հետ: Օրվա խորհրդին հարիր ելույթ ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում խոսքերով`բերդավանցիները բերդի նման ամուր են: Բեմի վրա զինվորական միջավայր էր ստեղծվել, զինվորական համազգեստով երեխաները նստել էին «խարույկի» մոտ, որի վրա զինվորական կաթսան էր: Իրար էին հաջորդում գեղեցիկ երգն ու պարը, ասմունքը: Հաջողված կատարումներով հանդես եկավ «Սոսե» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար`Կարինե Ջիլավյան), որի կազմում Նոյեմբերյան, Այրում քաղաքներից, Զորական, Բերդավան եւ Կողբ գյուղերից երեխաներ էին: Բերդավանցիները ծափահարություններով ողջունեցին դահլիճում նստած համագյուղացի երիտասարդներին, որոնք նոր են վերադարձել ժամկետային զինծառայությունից: Համացանցի միջոցով կապ հաստատվեց բերդավանցի զինծառայողների հետ, որոնք այժմ պաշտպանում են հայրենիքի հեռավոր սահմանը: Ներկաները  բավականություն ստացան Հայաստանի բանակի տարեդարձին նվիրված համերգից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 28/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia