Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բերդից բուժակը 1990-ականների կռիվներից մնացած 15 փամփուշտի համար դատապարտվել է

Հունվարի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացել է Բերդ քաղաքի 49-ամյա բնակիչ Վրեժ Աթոյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 1990-ական թվականներից Բերդ քաղաքում գտնվող իր առանձնատանն ապօրինի կերպով պահել է ընդհանուր թվով 15 հատ գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 3 ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Վ. Աթոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վ. Աթոյանը մասնակցել է 1990-ական թվականների մարտական գործողություններին, որպես բուժակ սահմանագծում է եղել, սակայն ազատամարտին նրա մասնակցության վերաբերյալ փաստաթղթեր չկան: Նա Հայաստանի որսորդմիության անդամ է , որսորդմիության ներկայացուցիչը ոստիկանության աշխատողի հետ այցելել է նրա տուն, որպեսզի տեսնեն վերջինիս որսորդական զենքի պահպանման պայմանները, ոստիկանության աշխատակիցը նկատել է պատուհանի գոգին դրված, նշված փամփուշտները: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը հունվարի 8-ին վճռել է Վ. Աթոյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով, նրան դատապարտել մեկ ամիս ժամկետով կալանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակել մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

Հրապարակվել է։ 12:00 10/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia