Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Սահմանամերձ Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի մրցույթը կրկին չկայացավ

Հայտնել ենք Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված այդ դպրոցում եւ գյուղում տիրող լարված իրավիճակի, քվորումի բացակայության պատճառով ապրիլի 6-ին դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չկայանալու մասին: Այսօր`ապրիլի 12-ին, դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կրկին մրցույթ էր նշանակված: Առավոտյան, երբ մրցութային հանձնաժողովի նախագահ Ավագ Մխիթարյանը զանգահարել է մրցութային հանձնաժողովի անդամներին, նրանցից 3-ը հայտնել են, որ եթե մինչեւ ժամը 15-ը Նունե Օհանյանը չվերականգնվի դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի եւ դպրոցի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում, իրենք մրցույթին չեն ներկայանալու: Մրցութային հանձնաժողովի նշված 3 անդամները, ինչպես ապրիլի 6-ին, մրցույթին չեն ներկայացել, քվորումի բացակայության պատճառով մրցույթը չի կայացել: Նունե Օհանյանը ներկայումս վերականգնված չէ պաշտոնում: Վերին Կարմիրաղբյուրից հայտնեցին, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջուլհակյանի դիմումի հիման վրա Տավուշի մարզի դատախազությունը գրավոր հարցում է կատարել Տավուշի մարզպետարան այն մասին, թե մարզպետարանի ենթակայության տակ գործող Պառավաքար գյուղի բժշկական ամբուլատորիան իրավասո՞ւ է Նունե Օհանյանին՝ իր մորը խնամելու համար, բյուլետեն տրամադրելու, մարզպետարանը հարցմանը դրական է պատասխանել: Այդ տեղեկության իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանին: Նա ասաց, որ Ա. Ջուլհակյանի դիմումի կապակցությամբ դատախազության որոշման մասին կհայտնվի դիմումատուին, նաեւ այն անձին, ում դա վերաբերում է:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 12/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM