Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Սարիգյուղի դպրոցի «ռմբակոծված» դասասենյակներն ու 27 հազար դրամի հույսին մնացած հավաքարարները

Նախկինում հայտնել ենք, որ ՀՀ ֆինանսների ու կրթության եւ գիտության նախարարությունների կողմից համատեղ նամակ է ուղարկվել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներ, դպրոցների տնօրեններին հայտնվել է ոչ մանկավարժական հաստիքների առավելագույն քանակի մասին: Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ աշխատակիցներ, որոնք դպրոցի տնօրենի կողմից զգուշացվել են աշխատանքից ազատվելու կամ իրենց դրույքաչափի մասնակի կրճատման մասին, բողոքել են տողերիս հեղինակին, հրավիրելով դպրոց: Այսօր` հունվարի 25-ին եղանք Սարիգյուղի դպրոցում, հանդիպեցինք տնօրեն Լուիզա Ռեւազյանին եւ բողոքող աշխատողներին: Լ. Ռեւազյանը հայտնեց, որ 202 աշակերտ ունեցող Սարիգյուղի միջնակարգ դպրոցի ոչ մանկավարժական 12.9 հաստիքից մնալու է 9.5-ը: Սարիգյուղի դպրոցի 3 հավաքարարները հայտնեցին, որ նախկինում, հարկային պահումներից հետո, ստացել են ամսական 47 հազար դրամ աշխատավարձ, իրենց հաստիքի կրճատման հետեւանքով պետք է ստանան 27 հազար դրամ: Նրանք դժգոհեցին,որ իրենց աշխատավարձն այլ դպրոցների հավաքարարների համեմատ ցածր է: Տնօրեն Լ. Ռեւազյանը հավաքարարներին ասաց, որ նրանց դրույքաչափը ցածր է ավելի մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոցների հավաքարարների համեմատ: Սակայն հավաքարարներն առարկեցին, որ դա այդպես չէ: Նրանց խոսքերով`Իջեւանի տարածաշրջանի Լուսահովտի դպրոցն ունի 36 աշակերտ, դպրոցի միակ հավաքարարը ստանում է 62 հազար դրամ աշխատավարձ: Հավաքարարներ Անահիտ Ալիխանյանը, Ամալյա Մանշաթյանն ասացին, որ Սարիգյուղի դպրոցի ներսի տարածքը կազմում է 2350 քառակուսի մետր,որը մաքրելը հեշտ չէ: Դասասենյակների հատակի մանրատախտակը քանդված է, հատակը կարծես ռմբակոծված լինի: Ավագ տարիքի տղաների զուգարանը չի գործում, ուսուցիչների զուգարանում ջուր չկա: Հավաքարարներն ասացին, որ մշտապես ջրի խնդիր ունեցող Սարիգյուղ համայնքի դպրոցում ջրի պակաս կա, զուգարանները մաքրելու համար օգտագործում են երկրորդ հարկի միջանցքի ծորակի ջուրը եւ ջրհորդաններից թափվող ջուր: Նրանք ասացին,որ իրենց աշխատավարձը 20 հազար դրամով կրճատելու փոխարեն հարկ է որոշ չափով կրճատել վարչական հաստիքները: Տնօրեն Լ. Ռեւազյանը հավաքարարներին ասել է, որ եթե նրանք չեն ցանկանում 27 հազար դրամով աշխատել, Սարիգյուղում կան բազմաթիվ կանայք, ովքեր պատրաստ են այդ գումարով հավաքարար աշխատել: Հավաքարարները մեզ հայտնեցին, որ դպրոցի տնօրենն իրենց ասել է, թե դպրոցում կան ոչ մանկավարժ աշխատողներ, որոնց ինքն «ատամներով է պահելու»: Տնօրենը ժխտեց, որ ինքը նման բան է ասել: Անահիտ Էլլարյանի մեկ դրույքից, որը բաղկացած է տնտեսվարի կես դրույքից եւ ցերեկային պահակի կես դրույքից, կրճատման հետեւանքով մնալու է տնտեսվարի կես դրույքի կեսը` 0.25 դրույք: Ա. Էլլարյանը ասում է, որ իր դրույքի կրճատման հետեւանքով իր աշխատավարձը ամսական 15 հազար դրամ է դառնալու: Նա միայնակ կին է, ունի 38 տարեկան, երկրորդ խմբի հաշմանդամ որդի: Անահիտն ասաց, որ դպրոցի տնօրենին խնդրել է իր դրույքը մի քանի ամիս չկրճատել , մինչեւ ինքը կարողանա աշխատանք գտնել, սակայն տնօրենը մերժել է: Տնօրեն Լ. Ռեւազյանն ասաց, որ Անահիտը երկու ամիս ժամանակ է խնդրել բյուլետեն վերցնելու, բուժվելու համար: Դպրոցի բակապահ Աիդա Մանթաշյանի հաստիքը ամբողջովին կրճատվում է: Նա ասաց, որ ինքը հիպերտոնիայով հիվանդ է, աշխատավարձով դեղեր է գնում: Նա մաքրում է դպրոցի բակը, տնօրեն Ռեւազյանն ասաց, որ աշակերտները ամիսը 2 անգամ շաբաթօրյակ են անում, նրանք կմաքրեն դպրոցի բակը: Աիդան իր հաստիքի կրճատման համար բողոքել է Տավուշի մարզպետարանի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչություն, վարչության պետ Կարեն Նազարյանն ասել է, որ դպրոցների տնօրեններն իրենք են որոշում, թե ոչ մանկավարժական որ հաստիքները ինչ չափով կրճատեն: Սարիգյուղի դպրոցի աշխատակիցներն ասացին, որ Լ. Ռեւազյանը բացի դպրոցի տնօրենի 180 հազար դրամ ռոճիկից , նաեւ 6 ժամ ինֆորմատիկա է դասավանդում: Լ. Ռեւազյանն ասաց, որ դպրոցի աշխատակիցների մեծամասնությունը իր եւ իր ամուսնու ազգակից բարեկամներն են: Տնօրենի մայրը`65 տարեկան կենսաթոշակառու Ալվարդ Խաչատրյանը դպրոցի ուսմասվարն է, նաեւ շաբաթական 5 ժամ դասավանդում է: Լ. Ռեւազյանն ասաց, որ իր մայրն այս ուսումնական տարվա ավարտից հետո այլեւս դպրոցում չի աշխատելու: Դպրոցի տնօրենը որպես համակարգչային օպերատոր աշխատանքի է ընդունել Նաիրա Քամալյանին, որը դպրոցի կառավարման խորհրդի անդամ է: Լ. Ռեւազյանը 2017թ. հունվարին դպրոցում գործավար է աշխատանքի ընդունել: Տնօրենն ասաց, որ դպրոցում համակարգչային օպերատորի աշխատանքները շատ են, ուստի մեկ անձը չի կարող համատեղել այդ եւ գործավարի աշխատանքները: Դպրոցի հավաքարարները վկայեցին, որ գրադարանավարուհու հաստիքն էլ պետք է կրճատվեր, սակայն վերջինս բողոքելով Տավուշի մարզպետարան` կարողացել է պահպանել այն: Տնօրենը հայտնեց, որ դպրոցի հաշվապահը պահպանելով իր ամբողջական հաստիքը, նաեւ 8 ժամ դասավանդում է`ֆիզիոլոգիական արձակուրդ գնացած մանկավարժի փոխարեն: Դպրոցի տնօրենի աշխատասենյակ եկավ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Աիդա Ղարաբեկյանը, որի հաստիքը չի կրճատվելու: Նրան հարցրինք, թե ինչ մասնագիտության ունի: Ասաց, որ մասնագիտությամբ ինժեներ է, սակայն 16 տարի դպրոցում է աշխատում, նախկինում եղել է դպրոցի ջոկատավարը: Նրա խոսքերով`ինքը ակտիվ աշխատող է, վիկտորիաներ է կազմակերպում եւ այլն: Դպրոցի տնօրեն Լ. Ռեւազյանն ասաց, որ ինքը շուրջ 2 տարի ղեկավարում է Սարիգյուղի դպրոցը, աշխատանքներ է կատարել. դպրոցի ճաշարանը նորոգվել է, կաթսայատուն է գործարկվել, ջրահեռացման համակարգ եւ այլն : Նրան հարցրինք դասարանների եւ միջանցքի ավերված հատակի մասին: Տնօրենի խոսքերով` 2017թ. գարնանը ինքը դպրոցը վերանորոգելու խնդրանքով դիմել է Սարիգյուղ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին, նրան նամակ հանձնել: Ռեւազյանն ասաց, որ 2018թ. Սարիգյուղի դպրոցը նորոգվելու է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 25/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM