Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Շարունակում են մնալ մաքսային փակ տարածքում

Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում նախկինում Լալվարի խորհրդային տնտեսությանը պատկանած մշակույթը տունը բնակավայրից բարձր պատով տարանջատված է, պատի գլխին փշալար է անցկացված: Հողի սեփականաշնորհման ժամանակ՝ 1991թ., գյուղի մի քանի բնակիչ այդ տարածքում սեփականության իրավունքով ձեռք է բերել շենք-շինություններ: Այդ նույն տարածքում, ուր 1999թ. կառուցապատվել է սահմանամերձ առեւտրի շուկան, առեւտրի օբյեկտներ են կառուցվել: Կառավարության 2001թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ կանոնակարգվել է շուկայի գործունեությունը: Շուկայի տարածքը, որտեղ գտնվել են այդ շինությունները ու մշակույթի տունը , պարսպապատվել է, դարձել մաքսային հսկողության գոտի: 2006 թ. սահմանամերձ առեւտրի Բագրատաշենի շուկայի փակվելուց հետո այդ շինությունները, մշակույթի տունը հայտնվել են սահմանամերձ փակ գոտում: Շինությունների տերերը հնարավորություն չունեն այդտեղ զբաղվելու տնտեսական որեւէ գործունեությամբ: Չնայած դրան, 3 անձանց պատկանող առեւտրական օբյեկտների համար հաշվարկվում է գույքահարկ, որոնց ընդհանուր պարտքը համայնքապետարանին կազմում է ավելի քան 1 միլիոն դրամ: Բագրատաշեն համայնքի նախկին ղեկավար , այժմ գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ Բագրատաշենի նախկին շուկայի տարածքը, այդ թվում՝ Լալվարի մշակույթի տան հարակից հատվածը, լցված է հին, չմաքսազերծված ավտոմեքենաներով: Լալվարի մշակույթի տունը Բագրատաշեն համայնքին վերադարձնելու խնդրանքով Ա. Մակյանը նախկինում դիմել է Տավուշի մարզպետին, ՀՀ վարչապետին, հանրապետության նախագահին, սակայն խնդիրը չի լուծվել: Մակյանն ասաց, որ 2 ամիս առաջ գյուղում մարզադպրոց է բացվել, որը գործում է Լալվարի նախկին մշակույթի տանը: Դրա համար շենքի հետնամասում մուտք է բացվել, շենքի մուտքը նախկինի նման փակ է; Նա հայտնեց, որ ՀՀ մաքսային ծառայությունում քննարկվում է շենքը համայնքին վերադարձնելու հարցը: Բագրատաշենի 3 բնակիչներին պատկանող խանութները, հացի փուռը շարունակում են մնալ փակ գոտում, անհասանելի լինել դրանց սեփականատերերի համար: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 15/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia