Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սուրեն Մանուկյան․ Պետությունը պետք է վճարի կորոնավիրուսից մահացած թոշակառուների իրավահաջորդներին



Աժ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը Ֆեյսբուքում գրել է․« Ես համարում եմ, որ մեր պետության համար այս ծանր իրավիճակում յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության չափաբաժինն ու անելիքները: Հետևաբար՝ ՀՀ կառավարությանն առաջարկում եմ ընդունել մի շարք որոշումներ՝ կապված համաճարակից ողբերգական ելքով տուժած ընտանիքների հետ. Օրինակ՝ ես կարևորում եմ, որ պետությունը ևս 10 տարի շարունակի վճարել «COVID-19» համաճարակից զոհված 63-70 տարեկան թոշակառուների թոշակները՝ նրանց իրավահաջորդներին: Իսկ նրանք, ովքեր մահացել են 70-֊80 տարեկան հասակում՝ 7 տարի, 80-ից բարձր քաղաքացիների ընտանիքներին՝ 5 տարի: Դրանով մեր պետությունը շատ բան չի կորցնի, բայց փոխարենը ՀՀ քաղաքացին կհասկանա, որ իշխանությունները կանգնած են այն մարդկանց հարազատներին կողքին, որոնք մեր բոլորիս սխալների պատճառով ունեցել են մարդկային կորուստներ:

Այո՛, ես համարում եմ, որ նաև մեր սխալների պատճառով է եղել, որ այսօր «COVID-19» կոչվող համաճարակի հետևանքով ունենք մահացության նման բարձր ցուցանիշ: Իսկ այն քաղաքացիների իրավահաջորդներին, որոնց ընտանիքի անդամները եղել են 63 տարեկանից ցածր և մահացել են համավարակից, անհրաժեշտ եմ համարում տրամադրել միանվագ դրամական աջակցություն՝ 3 000 000 ՀՀ Դրամի չափով:

Բոլորիս մաղթում եմ առողջություն և համաճարակի շուտափույթ  հաղթահարում»:


Հրապարակվել է։ 09:52 04/07/2020