Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թբիլիսիում բնակվող սաուդյան արաբը իտալական կեղծ անձնագրով հատել է Հայաստանի սահմանը

1981թ. ծնված. ազգությամբ սաուդյան արաբ, Քուվեյթի քաղաքացի, Վրաստանի Թբիլիսի քաղաքում բնակվող Մահդի Մուհսինի Ռաքան Ղարիբ Ալզեֆաիրին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ մայիսի 27-ին ժամը 14:07-ին օգտագործելով իր լուսանկարով, սակայն Մուսթաֆա Մուհսինի Շամրիի կենսորոշիչ տվյալներով լրացված Իտալիայի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիրը, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ Բագրատաշեն հսկիչ անցագրային կետով Վրաստանի Հանրապետությունից անցնելով Հայաստանի Հանրապետություն, ինչից հետո ՀՀ ԱԱԾ ԱԶ աշխատակիցների կողմից իրականացված ստուգմամբ հայտնաբերվել է անձնագրում առկա կեղծիքը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 329 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ էր 2017թ. հունիսի 17-ից: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած արագացված դատաքննության ավարտին, 2017 թվականի հոկտեմբերի 6-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Մահդի Մուհսինի Ռաքան Ղարիբ Ալզեֆաիրին դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման եւ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով,ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ նշանակված 3 ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել սույն գործով ամբաստանյալի կալանքի տակ գտնված ավելի քան երեք ամիսը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել եւ նրան անհապաղ ազատ արձակել արգելանքից: Մեղադրող Ա.Մանուկյանը վերաքննիչ բողոք է բերել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ` միջնորդելով բեկանել այն եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2018թ հունվարի 23-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան) որոշել է դատախազ Ա.Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Մահդի Մուհսինի Ռաքան Ղարիբ Ալզեֆաիրի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի երեք դրվագով և 329-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ ներկայումս այդ քրեական գործի քննությունը կատարվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:35 14/06/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia