Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի Հաղթանակ գյուղում օծվեց Սուրբ Անդրեաս եկեղեցին (Ֆոտոշարք)

Հունվարի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում,որը հիմնականում բնակեցված է խորհրդային տարիներին Ջավախքից վերաբնակվածներով, կայացավ Սուրբ Անդրեաս եկեղեցու բացումը: Հաղթանակ գյուղը չուներ հոգեւոր օջախ: Եկեղեցին կառուցվել է Ջավախքի Ախալքալակի շրջանի Փոքր Սամսար գյուղից սերված, Մոսկվայում բնակվող Անդրանիկ Պապոյանի միջոցներով: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանը, Հաղթանակ գյուղի հետ սերտ կապեր ունեցող, Աժ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, խոշորացված Նոյեմբերյան, Այրում,Կողբ համայնքների վարչական ղեկավարներ Կարեն Աբազյանը, Արայիկ Պարանյանը, Արսեն Աղաբաբյանը, Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, Հաղթանակի հարյուրավոր բնակիչներ, հյուրեր: Եկեղեցին կառուցվել է ի հիշատակ հաղթանակցի զոհված ազատամարտիկների: Եկեղեցու օծման արարողությունը կատարեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մասնակցությամբ քահանաներ Տեր Արամ Միրզոյանի, Տեր Սմբատ Ստեփանյանի, Տեր Հրայր Բեջանյանի, Տեր Սիմեոն Առաքելյանի: Օծման արարողությունից հետ մատուցվեց Սուրբ պատարագ: Խոշորացված Այրում համայնքի (որի մեջ մտնում է Հաղթանակ գյուղը) ղեկավար Արայիկ Պարանյանը բարերար Անդրանիկ Պապոյանին հանձնեց վերջինիս Այրում համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը: Բարերար Անդրանիկ Պապոյանի հետ հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նրա մայրը, քույրը, Մոսկվայից ժամանած զարմիկը: Բարեգործի մայրը բարեմաղթեց,որ նորաբաց եկեղեցում շատ լինեն կնունքի, պսակադրություն եւ այլ լուսավոր արարողությունները: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ նորաբաց հոգեւոր օջախը կրում է Քրիստոսի առաքյալներից Անդրեասի անունը: Նա կարեւորեց Հաղթանակում հոգեւոր օջախի ստեղծումը, ասաց, որ երեկ իրեն է մոտեցել հաղթանակի մի փոքրիկ տղա եւ եկեղեցու համար շնորհակալություն հայտնել, ինչն իր համար մեծ պարգեւ է: Միջոցառման ավարտին կայացավ մատաղի արարողություն: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը օրհնեց մատաղի սեղանը: Նա հայտնեց, որ այսօր`հունվարի 20-ին բարեգործ Անդրանիկ Պապոյանի ծննդյան տարեդարձն է: Եկեղեցու բակում հնչեցին հայրենասիրական խրոխտ երգեր եւ հաղթանակցիները ոգեւորությամբ պարի շրջան կազմեցին:

Հրապարակվել է։ 19:25 22/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia