Տավուշի մարզպետ. «Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն կնշանակվի, երբ կրքերը հանդարտվեն»
2018 Feb 08 00:00
-
Ոսկան Սարգսյան
-
Հիմնական
Ներկայացրել ենք Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի տնօրենի նշանակման հետ կապված լարված իրավիճակը: Փետրվարի 6-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանին հարց տվեցինք Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի նշանակման վերաբերյալ: Մարզպետն ասաց.
«Վերին Կարմիրաղբյուրի տնօրենի պաշտոնի համար կայացել է մրցույթ, որում ոչ Անուշ Եսայանը, ոչ Նարինե Բուդուրյանը չեն հաղթել: Ընդունված կարգի համաձայն՝ մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքները ուղարկել է ՀՀ փոխվարչապետին, փոխվարչապետի կողմից առաջարկ է արվել դպրոցի տնօրեն նշանակել Անուշ Եսայանին:
Սակայն այդ դպրոցի կոլեկտիվի 24 հոգուց 18 հոգին ստորագրահավաք են արել եւ դպրոցի փոխտնօրենի գլխավորությամբ եկել են ինձ մոտ, ասել , որ դպրոցում սուր վիճակ է տիրում եւ խնդրել են, որ իմ կողմից նման որոշում չկայացվի ,աշխատանքային պայմանագիր չկնքվի Անուշ Եսայանի հետ: Ես այդ իրավիճակը ներկայացրել եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին: Նախարարի կողմից Վերին Կարմիրաղբյուր հանձնաժողով է ուղարկվել, որը բավական մանրակրկիտ ուսումնասիրել է երկու թեկնածուների աշխատանքները, ընդհանուր բնութագրերը եւ աշխատանքային անցած ճանապարհները: Քանի որ համայնքում շիկացած իրավիճակ է, պետք չէր լարվածությունը մեծացնել, առաջարկություն է արվել հարցը նորից քննարկել եւ որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատանքային պայմանագիր կնքել մեկ այլ ուսուցչի հետ, որպեսզի կրքերը հանդարտվեն՝ խնդրի հետագա լուծման համար»:
Մարզպետին հարցրինք`ե՞րբ այդ հարցը կլուծվի: Նա ասաց`երբ կրքերը հանդարտվեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հրապարակվել է։ 00:00 08/02/2018
Առայժմ մեկնաբանություններ չկան