+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետարանի աշխատողներին 2017-2018թթ. պարգեւատրելու համար՝ պետբյուջեից ավելի քան 60 միլիոն դրամ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. փետրվարի 8-ի թիվ 20-Ա որոշումով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել է: Որոշման մեջ գրված է , որ պարգեւատրումը կատարվել է 2017թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքներով, պարգեւատրման  գումարները տրվել են մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին` համաձայն հավելվածի: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, ուր հրապարակված է մարզպետի տվյալ որոշումը, որոշման կից հավելվածը չի հրապարակվել: Այսինքն`չի երեւում, թե մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական քանի՞ ծառայող է պարգեւատրվել, յուրաքանչյուրը որքա՞ն դրամով, ինչքա՞ն է կազմում պարգեւատրման ընդհանուր գումարը: 2017թ. հուլիսի 13-ին թիվ 142-Ա որոշումով մարզպետ Հ. Աբովյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական աշխատողներին պարգեւատրել է՝ հիմք ընդունելով 2017թ. առաջին կիսամյակի կատարողականի արդյունքները: 2017թ. հունվարին 31-ին մարզպետը թիվ 34-Ա որոշումով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել է `որպես հիմնավորում նշելով 2016թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքները: Պետական բյուջեից պարգեւատրվել են մարզպետարանի ոչ միայն քաղաքացիական ծառայողները: 2016թ. դեկտեմբերի 22-ի 188-Ա որոշումով մարզպետը 2016թ. պետական բյուջեով մարզպետարանի աշխատակազմի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել է մարզպետարանի աշխատակազմի հայեցողական եւ աշխատակազմի բարձրագույն ու գլխավոր անձանց: Այդ որոշմանը կից հավելվածը եւս մարզպետարանի ինտերնետային կայքում չի հրապարակվել: Հանրությունը չի իմանում, թե մարզպետարանի աշխատակիցներից ովքե՞ր են պարգեւատրվել, ինչքա՞ն գումարով: Ի տարբերություն դրա, մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են պետական բյուջեից որպես սոցիալական օգնություն, դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանունները եւ նրանց ստացած գումարների չափերը: Փետրվարի 21-ին մարզպետ Հ. Աբովյանին գրավոր հարցում ենք ուղարկել, հարցնելով. «2018թ. փետրվարի 8-ի թիվ 20-Ա որոշմամբ դուք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել եք: Ձեր այդ որոշմամբ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական քանի՞ ծառայող, յուրաքանչյուրը որքա՞ն գումարով է պարգեւատրվել: 2017 թվականի ընթացքում Տավուշի մարզպետարանի քաղաքացիական եւ հայեցողական ծառայողները պետական բյուջեից ընդհանուր առմամբ որքա՞ն գումարով են պարգեւատրվել, այդ նպատակով որքա՞ն գումար է նախատեսվում 2018 թվականին: Ի պատասխան ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի գրությունը, ուր ասված է. « ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով «Քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում» հոդվածով Տավուշի մարզպետարանին հատկացվել է 30 459.4 հազար դրամ: ՀՀ Տավուշի մարզպետի 08.02.2018թ. թիվ 20-Ա որոշմամբ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի թվով 11 քաղաքացիական ծառայող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն պարգեւատրվել են, որը հաշվարկվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1510-Ն որոշմամբ սահմանված կարգով: 2017թվականին «Քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում» հոդվածով  նախատեսված եւ հատկացված գումարը կազմել է 30 299.2 հազար դրամ»:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 28/02/2018