Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի նպաստառուներն ինչո՞ւ են դժգոհ

2018թ. փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է կառավարության 2014թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը, որով 2014թ.-ի որոշումը, մասնավորապես, լրացվել է հետեւյալ պարբերությամբ. «Տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված (այդ թվում`առեւտրային բանկի մասնաճյուղի միջոցով)`ընտանիքի չափահաս անդամների`տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների եւ ժամկետանց վարկերի մասին (տեղեկանքը ստանալիս պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված, նոտարական կարգով հաստատված լիազորագիր`նպաստ ստանալու համար դիմող անձին`ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ): Հայտարարություն `ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների եւ դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաեւ բանկի կողմից տրված տեղեկանք`ավանդի չափի եւ տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվագրված տոկոսների մասին»: 2018թ. փետրվարի 1-ի որոշման 3-րդ կետում նշված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: Որոշումը վարչապետ Կ. Կարապետյանը ստորագրել է փետրվարի 2-ին: Տավուշի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններից տեղեկացա, որ սկսած այս տարվա օգոստոսի 7-ից այդ գործակալություններում փաստագրվածներից պահանջում են ԱՔՌԱ վարկային բյուրոյից տրվող վերոհիշյալ տեղեկանքը: Այդ գործակալություններից լրագրողիս հայտնեցին, որ այդ տեղեկանքն այժմ որեւէ նշանակություն չի ունենում փաստագրված ընտանիքի կարիքավորության աստիճանը որոշելու,տվյալ ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակել-չնշանակելու հարցում: Սակայն Տավուշի սոցիալապես անապահով ընտանիքների անդամները մտահոգված են օրենքի մեջ փոփոխությամբ: Նրանք սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ ներկայացրած հայտարարագրում ստորագրել են, որ ՍԾՏԳ-ում փաստագրվելու ժամանակ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում պատասխանատվություն են կրում, եթե հաջորդ տարի պարզվի, որ ընտանիքի անդամներից մեկը բանկերում ժամկետանց վարկ կամ ավանդ է ունեցել, եւ այդ մասին ՍԾՏԳ ներկայացած հայտարարագրում նշված չէ, ապա նպաստառու ընտանիքից կարող են ետ գանձել նախորդ ամիսներին ստացած նպաստի գումարը: Լինում են դեպքեր, որ նպաստառու ընտանիքի մի անդամ ավանդ կամ ժամկետանց վարկ ունի բանկում, սակայն այդ մասին ընտանիքի մյուս անդամներին չի հայտնում: Կառավարության 2018թ. փետրվար 1-ի որոշման 2-ր կետում վարչապետը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է մինչեւ 2019թ. հունվարի 1-ը մշակել ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքներում ներառված տեղեկատվությունը, որպես բնութագրիչ կիրառելու մասին առաջարկություն եւ ներկայացնել կառավարություն: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 07/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia