ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի սահմանագոտում անվտանգության պատեր չեն կառուցվում

Ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի այն հատվածը, որ ձգվում է  ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար-Բաղանիս հատվածը գտնվելով ադրբեջանական գնդակոծության գոտում, պարբերաբար ենթարկվում է հակառակորդի գնդակոծությանը։ 1990-ական թվականներին  սահմանագոտով ձգվող , սահմանի ավելի խոցելի հատվածում քարից ու հողից թմբեր էին կառուցված, որոնք  միջպետական ավտոճանապարհով անցնող ավտոմեքենաների երթեւեկը պաշտպանում էին  ադրբեջանական գնդակոծություններից։ Հետո այդ հողաթմբերը, չգիտես ինչու, քանդվեցին եւ տրանսպորտային  միջոցները  հակառակորդի գնդակոծության համար դարձան խոցելի։ Ադրբեջանի Ղազախի շրջանում,   Մազամ գյուղի տարածքում երկար հենապատ է կառուցվել, որ գյուղ մտնող ավտոճանապարհը պաշտպանում է  հայկական դիրքերից գնդակոծություններից։ Կառուցվել է Ղազախ քաղաքից դեպի Ղուշչի –Այրում  սահմանամերձ գյուղ տանող հողաշեն ռազմավարական նշանակության ավտոճանապարհ։  ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ  Օնիկ Գասպարյանին գրավոր դիմելով` հարցրինք՝  Տավուշի  մարզի սահմանագոտում,  Իջեւան-Նոյեմբերյան հատվածում  միջպետական ավտոճանապարհը որոշ տեղերում հակառակորդի կողմից դիտարկվող տեղամասերում է անցնում։  Միջպետական  ավտոճանապարհով երթեւեկի անվտանգություն ապահովելու համար նախատեսվո՞ւմ է  արդյոք  հակառակորդի կողմից դիտարկվող տեղամասերում կառուցել հենապատեր,  հողաթմբեր կամ՝  տեղադրել քարակույտեր։ Եթե ՝ այո, ե՞րբ է նախատեսվում  դրանք իրականացնել։ Ադրբեջանի զինուժը  Ղազախի շրջանի Մազամ-Ղուշչու Այրում հատվածում, Օդնդաղ սարի փեշերով նոր ճանապարհ  է  կառուցել։ Ի՞նչ վտանգ է ներկայացնում այդ ճանապարհը  հայկական զինուժի  եւ  Տավուշի սահմանագոտու բնակչության համար։Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի ՝ ադրբեջանական հենակետերից երթեւեկի անվտանգությունն ապահովող երկար պատի մի մասը քանդված է։ Ե՞րբ է նախատեսվում այն նորոգել։  ՊՆ-ից  ստացված պատասխանում ասվում է, որ մեր հարցադրումները  ՀՀ ՊՆ   իրավասություներին՝  գործառնույթներին չեն վերաբերում, ինչ վերաբերում  է Մազամ-Ղուշչու Այրում հատվածում, Օդնդաղ սարի փեշերով նոր ճանապարհի կառուցմանը, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ այդ տեղեկատվությունը տրամադրման ենթակա չէ, նկատի ունենալով <<ՀՀ  Տեղեկատվության ազատության մասին>>  օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 1-ին ենթակետի պահանջները։  ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գրավոր պատասխանում ասված է՝ վստահեցնում ենք, որ ՀՀ զինված ուժերի կողմից իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է։

 

Հրապարակվել է։ 09:48 18/09/2020