Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշում ընդամենը 820 հեկտար աշնանացան է արվել

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 24-ի դրությամբ մարզի համայնքներում աշնանացանի համար կատարվել է 1800 հեկտար վար, 820 հեկտար ցորեն է ցանվել: Սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսները աշնանացան ցորեն ցանելու համար ամենանպաստավոր ժամանակն են, քանի որ այդ շրջանում ցանված ցորենը մինչեւ ձմեռնամուտ բավական աճում է, կարողանում դիմանալ ձմռան ցրտերին: Վ. Սուքոյանն ասաց, որ Տավուշում մինչեւ նոյեմբերի վերջ աշնանացան է արվում, նա համոզված է, որ աշնանացանի ցուցանիշը կաճի: Մարզպետարանի վարչության պետն ասաց, որ մարզի հողերը վարելուց հետո պետք է մի քանի օր անցնի, անձրեւ տեղա, որպեսզի մեծ հողաթմբերը քանդվեն, հնարավոր լինի ցանել: Անցյալ տարի Տավուշում ցանվել է 2560 հա աշնանացան, միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ: Բերքատվության ցուցանիշի վրա բացասաբար է անդրադարձել այն, որ սահմանամերձ Կոթի գյուղի հացահատիկի արտերը կարկտահարվեցին: Կոթիի կարկտահարված արտերի տերերին պետական բյուջեից փոխհատուցում կամ այլ օգնություն չի ցուցաբերվել: Վ. Սուքոյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ 27 բնակավայրերի հողագործներին ցանած ցորենի ամեն հեկտարի համար պետբյուջեից 60 հազար դրամ է տրվելու: Դա տրվելու է ցանելուց հետո, երբ համայնքների ղեկավարները տվյալներ ներկայացնեն իրենց համայնքներում ցանված ցորենի մասին: Սահմանամերձ 27 համայնքների թվում կան գյուղեր, որոնք ցորենի մշակության համար հող չունեն, ինչպես օրինակ՝ Այգեպարը: Ոսկեպար գյուղն էլ շատ հող ունի, սակայն ոսկեպարցիներն այս տարի աշնանացան չեն արել: 2 տարի է, ինչ կառավարությունը հողագործներին զեղչված գնով հացահատիկի սերմացու չի տրամադրում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 26/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia