Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. մարդիկ գիշերում են մեքենաներում

Ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի Դաշնության շուրջ 100 քաղաքացի, արդեն չորս օր է՝ Բագրատաշենի անցակետում են գիշերում: Քնում են մեքենաների մեջ, սնվում են ոտքի վրա: Պահանջը մեկն է՝ աջակցել գնալ Ռուսաստան, որտեղ թողել են ընտանիքներին, աշխատանքը:

50-ամյա Գայանեն Ռուսաստանից Հայաստան եկել է մարտի 17-ին՝ հիվանդ մորն այցելելու նպատակով: Բայց ավելի քան 2 ամիս է՝ չի կարողանում գնալ Ռուսաստան: Իրենց պահանջը լսելի դարձնելու համար անգամ նախօրեին փակել են Բագրատաշեն անցակետ տանող ճանապարհը: Դարձյալ անարձագանք:

Քաղաքացիները ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ դիմել են գրեթե բոլոր կառույցներին, բայց արձագանք չեն ստացել: Քաղաքացիների բողոքներին ու պահանջներին չի արձագանքում անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Բայց քաղաքացիները վճռական են տրամադրված՝ անցակետում գիշերելու են այնքան, մինչեւ իրենց հարցին լուծում տրվի:

47-ամյա Արթուր Գասանյանը ընտանիքի 9 անդամներին թողել է Ռուսաստանում եւ տեւական ժամանակ է՝ չի կարողանում հասնել հարազատներին: Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացու խոսքով, ինքը 9 հոգուց բաղկացած ընտանիքի միակ կերակրողն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հրապարակվել է։ 08:01 30/05/2020