Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տրանսպորտի նախարարությունը 10 ամսում Դիլիջանի «անհաղթ փոսի» հարցը չլուծեց

Դիլիջան քաղաքի կենտրոնում, միջպետական ավտոճանապարհին ավելի քան 10 ամիս մեծ փոս կա: Փոսը համացանցում մեծ քննարկման առիթ է դարձել, այն անվանել են՝ անհաղթ փոս, կատակով առաջարկել են դարձնել պահպանվող մշակութային հուշարձան: Այդ փոսի պատճառով տվյալ հատվածում միջպետական ավտոճանապարհը նեղացել է, երթեւեկը դժվարացել, վթար է տեղի ունեցել: Դիլիջանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ այդ փոսի տակ կոտրված հենասալ է, որի տակով առու է հոսում: Քաղաքապետարանից հայտնեցին նաեւ, որ այդ ճանապարհը գտնվում է տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ներքո: Զանգահարեցինք այդ նախարարություն եւ հարցրինք`այդ փոսի վերացման համար մրցույթ հայտարարվե՞լ է: Պատասխանեցին, որ չեն կարող ասել, քանզի կա մրցույթների ցանկ, այնտեղ պետք է հստակ նշված լինի ճանապարհի անվանումը եւ այն, թե փոսը տվյալ ճանապարհի որ կիլոմետրին է գտնվում: Այդ ճանապարհը սպասարկող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Մանթաշյանին հարցրինք մրցույթի մասին: Նա ասաց, որ փոսի նորոգման նախագիծ է արվել, սակայն մրցույթի մասին ինքը տեղյակ չէ: Նա հայտնեց, որ Դիլիջան համայնքի ավագանու անդամները եւ ինքը որոշել էին փոսի նորոգման ուղղությամբ որոշ աշխատանքներ անել, սակայն Դիլիջանում տեղացած ձյունը խանգարել է դրան: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը`Դիլիջանի բնակիչ Արարատ Ալիխանյանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 18:00 15/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia