Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

«Վարմաշը» ճանապարհաշինական մեծ պատվեր է շահել

2001-2002թթ. Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, շուրջ 11 կմ երկարությամբ հատվածը: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի նորոգման պատճառով այդ ճանապարհի բեռնվածությունը աճել է, խոշոր բեռնատարների ծանրության տակ օգտագործման ռեսուրսը սպառած Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհը շարքից դուրս է եկել: Այդ ճանապարհի ծածկը շատ տեղերում նստել է, բազմաթիվ խոր փոսեր կան: Մայիսի 7-ից ընթանում են Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհի կառուցապատման աշխատանքներ: «Վառմաշ» ՍՊԸ աշխղեկ Էդիկ Սեփխանյանը հայտնեց, որ Իջեւանի տարածաշրջան-Նոյեմբերյան ավտոճանապարհին նախատեսվում է կառուցապատել 3 հատվածով, 18 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Կատարվում են ճանապարհի մաքրում, լայնացում, առուների եւ կողնակների մաքրում, որին կհաջորդի ճանապարհի ասֆալտապատումը: Առաջին հատվածը Բերքաբերի խաչմերուկից ձգվում է մինչեւ Աճարկուտի խաչմերուկ, 2-ր հատվածը՝ Կիրանցից մինչեւ Ոսկեպարի դպրոցի վերեւի տարածք, 3-րդ հատվածը՝ Ջուջեւան գյուղից մինչեւ Նոյեմբերյան քաղաք: Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ այս տարեվերջ, գործի մեջ ընդգրկված շինտեխնիկան բավարար է, անձրեւային եղանակը որոշ չափով խանգարում: Է. Սեփխանյանին հարցրինք, թե որքան է 18 կմ ճանապարհի կառուցապատման արժեքը, նա ասաց, որ տեղյակ չէ, հարցրինք, թե ով է «Վառմաշ կազմակերպության տնօրենը, նա ասաց՝ Դավիթ Բեգլարյանը: Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները մեզ հայտնեցին, որ «Վառմաշ» ընկերությունը կապվում է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի անվան հետ: Վերջինիս ամուսինը ՝Դավիթ Բեգլարյանը զբաղեցնում է ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնը: 2013թ. Վանաձորի «Վառմաշ» ՍՊԸ-ի սեփականատերը փոխվել է: 2017թ. «Վառմաշը» 301 միլիոն դրամով գնել է սնանկ ճանաչված «Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման» ՓԲԸ գույքը: «Վառմաշի» սեփականատեր ներկայացած Կարեն Աֆրոյանին նախկինում հարցրել ենք, թե Հերմինե Նաղդալյանը «Վառմաշի» սեփականատե՞ր է: Նա ժխտել է դա: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 29/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM