Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Վերաքննիչից խնդրում է թոռնիկին խեղդած, զուգարանը նետած կնոջն արդարացնել

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ի ժամը 02.00-ի սահմաններում, Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում իր աղջկա` նույն գյուղի բնակչուհի, 1984թ. ծնված Ռադմիլա Փայտյանի արտամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ, պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը» ), նա կալանավորված է: Նրա շահերը դատարանում պաշտպանում էր հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը: Քրեական գործով մեղադրողը պահանջել էր Հրածին Փայտյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման: Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել չի մեղքը, չի զղջացել իր կատարած արարքի համար, հայտարարել է, որ երեխան մեռած է ծնվել, նա 4-5 շաբաթական է եղել եւ այլն: Սակայն նրա այդ պնդումները հերքվել են դատարանում ներկայացված ապացույցներով: 2018թ. փետրվարի 27-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է 57-ամյա Հրածին Փայտյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման: Հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը մարտի 27-ին, առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի վերջին օրը, Հրածին Փայտյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հրածին Փայտյանին արդարացնել`նրան ճանաչել անպարտ մեղսագրվող արարքը կատարելու մեջ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 02/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM