Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Վտանգավոր ձկնորսություն՝ սահման հանդիսացող Ջողազի ջրամբարում

Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, այն փաստորեն սահման է հանդիսանում: Ջողազի ջրամբարը մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց 1980թ.: Խորհրդային տարիներին այդ ջրամբարի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: 1990թ. հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվելուց հետո Ջողազի ջրամբարից սնուցվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին ջրամբարից ջուր մղող պոմպակայանը, իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը: Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները շուրջ 25 տարի հնարավորություն չունեն օգտվել 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրերից: Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի մոտակա հենակետերից: Բերքաբերցիները ռիսկ անելով՝ փչովի նավակներով լճում ձկնորսություն են անում: Դա վտանգավոր է, ադրբեջանական զինուժը ձկնորսներին թիրախ է դարձնում: 2014թ. դեկտեմբերի 14-ին ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա բազմաթիվ գնդակներ արձակեցին: Բարեբախտաբար, գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքների շրջանում, կյանքի համար վտանգ չէին ներկայացնում: Բերքաբերցիները հայտնեցին, որ Աղասի Թամրազյանը ներկայումս աշխատում է Ռուսաստանում: Բերքաբերցիներն ասացին, որ իրենց համագյուղացիները արհեստական լճում նավակների միջոցով, ուռկաններով որս են անում: Նրանցից ոմանք, վախենալով ջրամբարի ձախ ափին գտնվող ադրբեջանական հենակետերերի դիպուկահարներից, գիշերով են ձկնորսության գնում: Բերքաբերի հողերը մեծ մասը գտնվում է ջրամբարի ձախ ափին, ադրբեջանցիներն են դրանք մշակում: Բերքաբերցիները ապրուստի միջոցներ չունենալով`մահացու վտանգավոր ձկնորսությամբ են զբաղվում: Սահմանամերձ գյուղի ձկնորսները`իրենց որսացածը որպես սնունդ օգտագործում են, նաեւ վաճառում Իջեւանի տարածաշրջանի ռեստորաններին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 30/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM