Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ժորա Մարտիրոսյան. «Պատերազմի ժամանակ հրանոթներ կրակեմ, որ հիմա թուրքի տեղ դնե՞ն»

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հայտնելով, որ նախարարության մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր։ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքները: Նա մեզ ասաց, որ իրեն քրեական մեղադրանք չեն առաջադրել, առաջադրելու դեպքում ինքը փաստաբան կվարձի եւ կպաշտպանի իր իրավունքները: Նա ասաց, որ ապրիլի 26-ին ինքը անցել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման կողմը, սակայն հիմա տուժում է նախկինում ՀՀԿ անդամ լինելու համար: Նա հայտնեց. «Վերցնում են, ամեն գյուղապետին պոչից մի բան կպցում,ես հո հանցագործ չեմ, 70 տարեկան մարդուս պատվազուրկ են անում, ողջ կյանքում աշխատել եմ Հայաստանի համար, նույնիսկ տղաներիս եմ բերել Ռուսաստանից,հիմա քոչե՞մ Հայաստանից»: Նա ասաց, որ 1990- ական թվականներին ինքը հրետանավոր է եղել, 3 հոգով ադրբեջանական 22 թիրախ են ոչնչացրել եւ հավելեց. «Պատերազմի ժամանակ հրանոթներ կրակեմ, որ հիմա թուրքի տեղ դնե՞ն»: Համայնքապետն ասաց, որ նախկինում 4 անգամ, տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների պայքարի վարչության կողմից իր գործունեությունը ստուգվել է, սակայն հանցակազմ չեն գտել: Նա ասաց, որ իր ընտանիքը առեւտրի կենտրոն ունի, Իջեւան քաղաքում՝ խանութներ, սակայն դրանք իր համայնքապետ եղած տարիներին չի ձեռք բերել: Ժ.Մարտիրոսյանի խոսքերով՝ իրեն առաջադրված մեղադրանքները հիմք չունեն, իր կինը տարածք է վարձակալությամբ վերցրել, որպեսզի հացի փուռ աշխատեցնի, սակայն այդտեղ արտադրված հացը չի վաճառվել, փուռը փակվել է: Մարտիրոսյանը հայտնեց, որ ինքը համայնքապետ եղած ժամանակ համայնքից տարածքներ չի վերցրել: Ասաց, որ չնայած 10 տարի ՀՀԿ անդամ է եղել, սակայն այն ժամանակ եւս տուժել է, իր որդին ամուսնության նպատակով աղջիկ փախցնելու փորձի համար(թեեւ այդ աղջիկը չի բողոքում) 4 տարի, 3 ամիս ազատազրկված է, «Սեւան» քրեակատարողական հիմնարկում է, որդուն կալանքից ազատելու համար ինքն ընդհանուր առմամբ 10 անգամ՝ Բերդում, Չինարիում, Բերդավանում, Դիլիջանում, Երեւանում անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին, սակայն նա չի օգնել: Ժ. Մարտիրոսյանը նշեց, որ ինքը գումարներ չի յուրացրել, ասելով, որ համայնքապետարանի գումարները տրվել են սոցիալապես անապահով ազատամուտցիներին,համայնքապետարանի վառելիքը օգտագործվել է գյուղի խնդիրները լուծելու համար: Ոստիկանությունից տեղեկացանք, որ Ժ. Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, նյութեր են նախապատրաստվում: Ժորա Մարտիրոսյանի լուսանկարը՝ hetq.am կայքից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:55 27/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia