Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ժորա Մարտիրոսյանը՝ թոռների մասնակցությամբ կռվի մասին. «Նրանք 40 հոգի են եղել, իրենք` 6»

Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ. Մարտիրոսյանը երեկ`նոյեմբերի 15-ին մեզ հեռախոսով հայտնեց, որ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է Ազատամուտ համայնքում կատարած ուսումնասիրությունները: Նա ասաց, որ ինքը չարաշահումներ չի կատարել, եթե ցանկացած համայնքում ստուգումներ կատարեն, ավելի շատ թերություններ կգտնեն: Համայնքի ղեկավարն ասաց, որ հրաժարական պարտադրելու նպատակով իր վրա ճնշում է գործադրվում, որի ապացույցն է համարում իր երկրորդ որդու կալանավորումը, թոռներին քննչական վարչություն կանչելը: Նրա վկայությամբ՝ ցույցի ժամանակ իր որդին տեսել է,թե ինչպես իր մորըv(Ժ.Մարտիրոսյանի կնոջը) գետնով են տվել, որդին միջամտել է մորը պաշտպանելու համար, ոստիկանները մեծ խմբով որդուն բերման են ենթարկել ու քրեական գործ հարուցել: Ասաց, որ իր որդուն մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զ. Զաքինյանը Բերդ քաղաքում նրա խափանման միջոց է ընտրել 1 միլիոն դրամ գրավը: Սակայն այդ վճիռը բողոքարկվել է,վերաքննիչ դատարանի վճռով որդին կալանավորվել է, այժմ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է: Ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ իր աշխատասենյակում իր հանդեպ բազմաթիվ խուլիգանական արարքներ են կատարվել,որոնց ապացույց- տեսանյութերը Ֆեյսբուքում են, սակայն այդ արարքները կատարողները պատասխանատվության չեն կանչվել: Նա նշեց, որ 2016թ.ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայտնի հաշվեհամարին ինքը Ազատամուտից 150 հազար դրամ է փոխանցել, դրա համար պատվոգրի արժանացել, ազատամուտցի ցուցարար մի կին իր աշխատասենյակից պատվոգիրը վերցնելով`փողոցում ցուցադրել է, հայտարարելով`ժողովուրդ, տեսեք սա էլ է կեղծ: Ժ. Մարտիրոսյանը հայտնեց, որ այսօր`նոյեմբերի 16-ին իր 2 թոռներին՝      2 որդիների տղաներին`կանչել են քննչական վարչություն: Ասաց, որ իր թոռները 17 տարեկան են,12 -րդ դասարանի աշակերտներ, գերազանց սովորող: Նա ասաց նաև` թոռների մասնակցությամբ Բարխուդարլուի ձորում վեճ եւ կռիվ է եղել, հավելելով. «Նրանք 40 հոգի են եղել, իրենք` 6: Նրանցից որ մեկին բան չեն ասում, այս երեխաներին են կանչել քննչական վարչություն»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 15:00 16/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia