Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աչաջրի նախկին գյուղապետն իրեն մեղավոր չի համարում


Տավուշի մարզի  Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի  նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանի վերաբերյալ  քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, սեպտեմբերի 23-ին այդ գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  դատական նիստ է նշանակված։ Կ Ղալթախչյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013թ դեկտեմբերի 17-ին հանդիսանալով Աչաջուր համայնքի ղեկավարը, 2013-2015թվականերին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» 

 ՊՈԱԿ-ից ստացված եւ Աչաջուր համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության  աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակիցների կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 5 միլիոն  939 հազար դրամ գումարը, յուրացրել է։  Ըստ մեղադրանքի՝ նա  այնուհետեւ  նպատակ ունենալով թաքցնել իր կողմից գումարը յուրացնելու հանգամանքը շահադիտական նպատակով համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանին 2017թ հոկտեմբերի 3-ին դրդել  է  համայնքապետարանի աշխատակիցներից  մեկի  կողմից կազմված՝ 2012-2016թվականներին Աչաջուր համայնքի հողօգտագործողներին հատկացված  սերմացուների պարտքի վերաբերյալ, շահառուների  անվամբ, կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքը ստորագրել եւ կնքելուն, որից հետո արդեն իսկ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքը ուղարկելու միջոցով Տավուշի մարզպետին հանձնելուն։ Կամո Ղալթախչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին  կԵտով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է  առանձնապես խոշոր չափերով» ) եւ 38-314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքին հանցակցությունը)» ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Կ Ղալթախչյանի շահերը պաշտպանում է իջեւանցի փաստաբան,հանրային պաշտպան Արմեն Ադամյանը։ Կ Ղալթաչյանը Աչաջուր համայնքը ղեկավարել է 2013-2015թվականներին։ Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում, մեղադրանքը համարում է  կեղծ եւ հնարովի։ Նա դժգոհում է, որ քրեական գործի նախաքննությունը տեւեց մի քանի տարի, որի պատճառով ինքը չի կարողացել  Հայաստանից հեռանալ,  մեկնել Մոսկվա, այնտեղ զբաղվել գործարարությամբ, պահել  իր ընտանիքը։

 

Հրապարակվել է։ 13:09 17/09/2019