+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

aravot.am . «Չի կարելի բողոքել, պետք է ուրախ լինել, որ այս խնդիրը լուծում ենք». Մարզպետը տավուշցիներին հորդորում է շնորհակալություն հայտնել, ոչ թե դժգոհել

 

Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետեւանքով վնասված տները վերականգնվում են: Դժգոհություններ կան, որ նախկինում վնասված տների հարցը չեն լուծում՝ խտրականություն դնելով, թե որ իշխանությունների օրոք է եղել: Երեկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Մենք ոչ միայն վերանորոգում ենք, այլեւ նորովի վերակառուցում ենք այն տները, նույնիսկ թաղամասերը, որոնք հրետակոծության արդյունքում տուժել են: Դրա շրջանակներում մենք լուծել ենք բազմաթիվ խնդիրներ նախորդ ժամանակներից, բայց, բնականաբար, դեռեւս կան դեպքեր նախորդ ժամանակներից, որոնց հետեւանքները չեն վերացվել: Այս պահին մենք դեռեւս չենք կարողանում անդրադառնալ դրան, բայց համոզված եղեք, որ հերթով անդրադառնալու ենք: Այն աշխատանքային ծավալները, որոնք մենք իրականացնում ենք, շատ մեծ են մեր ներուժի համեմատ: Այսօր արդեն այդ աշխատանքներում ներգրավված են 20-ից ավելի շինարարական բրիգադներ, 70-ից ավելի վարպետներ եւ շինարարներ: Մենք ամեն օր ավարտում ենք մի քանի տան վերականգնում, ավարտական գործընթացներ ունենք: Հիմնական շինարարական աշխատանքները ամբողջապես կավարտվեն մինչեւ տարեվերջ: Կան նաեւ ֆունդամենտալ շինարարական աշխատանքներ, մենք, օրինակ, Չինարի գյուղում նոր տուն ենք կառուցում ու բոլոր աշխատանքներն ավարտվելու են մինչեւ տարեվերջ: Դրան զուգահեռ մենք այդ գյուղերում իրականացնում ենք նաեւ ապաստարանային ենթակառուցվածքների զարգացում, վերակառուցում ենք ամբողջական փողոցներ, բերում ենք նոր ճաշակի, նոր տեսքի, վերանորոգում ենք դպրոցներ, սահմանամերձ գյուղերում դպրոցների անվտանգային համակարգերը, այնպես որ, մինչեւ տարվա վերջ մենք կունենանք լիարժեք վերափոխված միջավայր: Համոզված եմ, որ մեր հայրենակիցները ոչ միայն սիրով կապրեն այստեղ, այլեւ կամուսնանան, ընտանիք կկազմեն, շատ երեխաներ կունենան եւ ավելի բարեկարգ միջավայրում կապրեն»: Ինչ վերաբերում է դժգոհություններին, մարզպետն ասաց, որ նախկինում բնակիչներին փոխհատուցումներ են տվել ու սխալը դա է եղել. «Տվել են ինչ-որ գումար ու այդ գումարը մարդիկ իրենց նպատակների համար են ծախսել: Բացի դրանից, այդ փոխհատուցումները համահունչ չեն եղել այն վնասին, որը կար: Դրա համար մենք ոչ թե փոխհատուցում ենք, այլեւ վերականգնում ենք հրետակոծության հետեւանքները: Կարող եք հիմա այցելել Այգեպար գյուղ: Վերականգնման ժամանակ մենք չենք նայում՝ տանիքը վնասվել է հուլիսի՞ն, թե՞ 2014 թվականի, օրինակ, օգոստոսին: Մենք դա չենք նայում, եթե փոփոխության կարիք կա, փոխում ենք: Բայց, բնականաբար, ամբողջ երկիրը մենք չենք կարող միանգամից անել: Եվ դժգոհություն ասելն այս էտապում տեղին չի: Իհարկե, բնական է, մարդիկ կարող են այդպես մտածել, խոսել, ես կարծում եմ, որ ոգեւորությունը եւ շնորհակալությունն ու երախտագիտությունը ամենաճիշտն է, չնայած մենք անում ենք մեր ժողովրդի համար ու գտնում ենք, որ իրենք արժանի են: Չի կարելի բողոքել, պետք է ուրախ լինել, որ այս խնդիրը լուծում ենք: Մենք խտրականություն չենք դնում ու ասում՝ այս տունը կառուցում ենք, մյուսը՝ չենք կառուցում, այլ՝ այս տնից սկսել ենք ու այդպես կառուցել ենք ամբողջը՝ անկախ նրանից՝ սահմանամե՞րձ է, թե՞ սահմանամերձ չի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Հրապարակվել է։ 11:35 31/08/2020