Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ազատամուտ համայնքի ղեկավարը քաղաքի կարգավիճակ է խնդրել վարչապետից

 

Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ բնակավայրը   խորհրդային  տարիներին քաղաքատիպ ավանի կարգավիճակ ուներ։ 1996թ երբ Հայաստանի համայնքները դասակարգվեցին  որպես  քաղաքներ եւ գյուղեր, Ազատամուտը ստացավ գյուղի  կարգավիճակ։ Սակայն Ազատամուտը գյուղատնտեսական  հողեր չունի։ Այն հիմնվել  է հարեւան Դիտավան գյուղի հողերի վրա։ Ազատամուտ բնակավայրը   1970 թ հիմնվել է  բենտոնիտային կավ վերամշակող «Բենտոնիտ»  կոմբինատի  հենքի վրա, Ազատամուտում բազմաբնակարան 22  շենք կա եւ քոթեջներ։ 2018թ․ հոկտեմբերին  նկատի ունենալով, որ    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մաազային քննչական վարչությունում Ազատամուտ համայնքը 2008 թվականից  ղեկավարող Ժորա Մարտիրոսյանի  վերաբերյալ ինքնիրավչության հոդվածով քրեական գործ է քննվում, Տավուշի մարզի դատախազի կողմից որոշում  կայացվեց  համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այնուհետեւ  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Վահագն Ալավերդյանը։ 2019թ․ հունիսի  9-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որի ընթացքում միակ թեկնածու,  համայնքի ղեկավարի պաշտոնակատար,  ՀՅԴ անդամ  Վահագն Ալավերդյանն ընտրվեց համայնքի ղեկավար։ Վ Ալավերդյանը այժմ  բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ  Փաշինյանին,որտեղ նշել է,որ   Ազատամուտը գյուղ է համարվում, սակայն ազատամուտցին  սեփականաշնորհված  հող չունի,  համայնքի կյանքն աշխուժացել է,  վարչապետին խնդրել է  2020թվականին՝ Ազատամուտ բնակավայրի հիմնադրման 50-ամյակին  նվեր մատուցել եւ  համայնքին տալ  քաղաքի կարգավիճակ։  Տավուշի մարզում կա նման նախադեպ։  Այրում քաղաքատիպ ավանը  տեղի պահածոների գործարանի հենքի վրա է ստեղծվել, 1996թ-ից համարվում էր  գյուղ, 2006թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ; Ազատամուտի  բնակչությունը , ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի, 2017թ հունվարի 1-ին դրությամբ  կազմել է  3182 մարդ։ Այն  բնակչության  թվով զիջում է  Իջեւանի տարածաշրջանի մի շարք գյուղերին՝ Այգեհովտին, Աչաջրին, Գանձաքարին։    Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից Իջեւանը միակն է,ուր համայնքների խոշորացում չի կատարվել։ ՀՀ  կառավարությունը նախատեսում է  օրենսդրական մի շարք փոփոխություններ կատարելով՝  Իջեւանի տարածարջանում 2020թիրականացնել համայնքների միավորում,  այդ  տարածաշրջանի բոլոր՝ 19  բնակավայրերը ներառել մեկ ՝ Իջեւան համայնքի մեջ , այդ խոշոր համայնքի  ղեկավարի եւ ավագանու ընտրություններն անցկացնել 2020թ մարտի 15-ին։

Հրապարակվել է։ 06:33 29/11/2019