Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի պետական բազմագործառութային քոլեջի Կարիերայի ուղղորդման կենտրոնի ուսանողներն այցելել են համայնքապետարան

Փետրվարի 6-ին Բերդի պետական բազմագործառութային քոլեջի Կարիերայի  ուղղորդման կենտրոնի ուսանողները՝ կենտրոնի ղեկավար Շուշանիկ Գալստյանի ուղեկցությամբ, այցելեցին Բերդի համայնքապետարան:

Նրանց հյուրընկալեց Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը:

Այցի նպատակը ճանաչողական էր: Ինչպես տեղեկացրեց Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Շուշանիկ Գալստյանը. «Իմ խորին համոզմամբ՝ ուսանողների և համայնքի միջև կապը սերտացնելու անհրաժեշտություն կա: Չափազանց կարևոր է, որպեսզի ուսանողները հետաքրքրված լինեն համայնքի անցուդարձով, ինչու՞ ոչ, նաև փորձեն իրենց ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում. չէ՞ որ երիտասարդները մեծ ներուժ ունեն: Մեր այսօրվա  ճանաչողական այցը Բերդի համայնքապետարան առաջին քայլն է՝ միտված կարևոր նպատակների իրականացմանը»:

Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, ապա պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցելու նրանց ուսումնական պրակտիկայի կազմակերպմանը Բերդի համայնքապետարանում և համայնքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկներում:

Ուսանողներից Արեն Ապրեսյանը նշեց, որ հանդիպումը բավականին հետաքրքիր ու օգտակար էր. «Ցանկալի է, որ նման հանդիպումները շարունակական լինեն»:

Բերդի պետական բազմագործառութային քոլեջի Կարիերայի  ուղղորդման կենտրոնի ուսանողներն այցելեցին նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ ծանոթացան գրասենյակի գործառույթներին:

 

Հրապարակվել է։ 05:19 07/02/2020