Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում այս տարի համայնքի ղեկավարի ընտրություններ չեն կայանա

Սեպտեմբերի 6-ին Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը հրաժարական տվեց; Մինչ  այդ նրա  նկատմամբ ՀՀ  քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով  քրեական գործ  էր հարուցվել:   Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իջեւան  համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Հայկ Ղալումյանը, ով մինչ այդ  Հայէկոնոմբանկի  Իջեւանի մասնաճյուղի կառավարիչն էր։ Հ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է։  Խոսվում էր, որ  այս տարվա դեկտեմբերի 8-ին պետք է կայանան   Իջեւան համայնքի ղեկավարի հերթական  ընտրություններ։ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հրաժարականից հետո հավանական էր համարվում, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կնշանակվեն։  Ընտրություններ կազմակերպելու   մասին որոշումը ընդունվում է  դրանք կայանալու  օրվանից առնվազն  60 օր առաջ։  Այս տարի  ՀՀ-ում  ՏԻՄ վերջին ընտրությունները նշանակված  են դեկտեմբերի 8-ին, այդ օրը Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններ նշանակելու որոշում չի կայացվել։ Դա նշանակում է , որ Հայկ Ղալումյանը որպես Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար կշարունակի պաշտոնավարել նաեւ 2020թվականին։ Իջեւանում խոսակցություններ  են շրջանառվում, որ Իջեւան  համայնքի ղեկավարի ընտրությունները  տեղի կունենան 2020թվականի մարտին , մինչ այդ Իջեւանի տարածաշրջանում տեղի կունենա  համայնքների խոշորացում։ Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից Իջեւանի տարածաշրջանը միակն է, ուր մինչ այժմ համայնքների խոշորացում, նոր իշխանությունների տերմինով ՝ համայնքների միավորում չի կատարվել։

Հրապարակվել է։ 07:40 12/10/2019