Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչպես «մաղել» պրոֆեսորներին․ «Առավոտ»

 


«Առավոտ» թերթի խմբագրականում գրված  է «Պատկերացրեք, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում որևէ օրենսդիր մոտենա ամբիոնին և արտաբերի մոտավորապես հետևյալ տեքստը՝ «Էս վերջերս Հարվարդի համալսարանում ինչ-որ հաճախ են սկսել քննադատել Դոնալդ Թրամփին: Այդ համալսարանի պրոֆեսուրային պետք է մաղի միջով անցկացնել և թողնել միայն Թրամփին հավատարիմ դասախոսներին»: Նման դատողություններն, ամենայն հավանականությամբ, ժպիտ կառաջացնեին, իսկ լուրջ մարդիկ գուցե կբացատրեին օրենսդիրին, որ նա չի կարող գրաքննություն սահմանել Հարվարդի պրոֆեսորների խոսքի հանդեպ: Սովետական Միությունում դա ժպիտ չէր առաջացնում: 1920-ական թվականներին Մոսկվայում գործում էր Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը կոչված էր բանվորա-գյուղացիական դասախոսներ պատրաստել՝ ի հակակշիռ բուրժուական պրոֆեսորների, որոնք հավատարիմ չէին հեղափոխության արժեքներին կամ, համենայնդեպս, անտարբեր էին այդ գաղափարների նկատմամբ, ինչը նույնպես համարվում էր սաբոտաժի տեսակ: Պետք է ասել, որ Խորհրդային Հայաստանն այդ առումով ուներ իր առանձնահատկությունները՝ դրական առումով: Կոմունիստական շատ ղեկավարներ՝ սկսած Ալեքսանդր Մյասնիկյանից և վերջացրած Կարեն Դեմիրճյանով, ավելի շատ հայ էին, քան կոմունիստ և Կենտրոնի «գաղափարախոսական» հրահանգները աշխատում էին կատարել «կիսով չափ»՝ հնարավորինս պահպանելով ազգային մտավորականության սերուցքը (իհարկե, դա ոչ միշտ էր հաջողվում): Նույնը կարելի է ասել Երևանի Պետական համալսարանի ռեկտորներ Մկրտիչ Ներսիսյանի և Սերգեյ Համբարձումյանի մասին: Անկախ Հայաստանում նույնպես այս առումով ամեն ինչ չէ, որ բարեհաջող էր: Մասնավորապես, վերջին երկու տասնամյակների ընթացքում ԵՊՀ-ն չափից դուրս քաղաքականացված էր, «հանրապետականացված», և ասել, թե այնտեղ ծաղկում էր ակադեմիական ազատությունը, խիստ չափազանցություն կլիներ: Հիմա եկել է նոր իշխանություն, և կարծես թե փորձում է «նժդեհական» դոգմաները փոխարինել «հեղափոխական» դոգմաներով: Ընդ որում, երկու դեպքում էլ ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է այդ «պետական գաղափարախոսությունն» իրենից ներկայացնում: Օրինակ, ինչպես էին ազգային իրական հերոսի մի քանի աֆորիզմներ ճանապարհ բացում դեպի «ՀՀԿ-ամետ» հավատարմություն: Ճիշտ նույն ձևով ինձ համար մշուշոտ են «հեղափոխական արժեքները». եթե դա բռնության, կոռուպցիայի և ընտրակեղծարարության մերժում է, ապա նշված երեք երևույթները պարզապես հանցագործություններ են, և ոչ ոք, կարծում եմ, իրավունք չունի դրանք բերել քաղաքական դաշտ՝ դրանով պետք է զբաղվեն միայն իրավապահները: Ինչպե՞ս պետք է «մաղվեն» համալսարանի պրոֆեսորները: Հավանաբար, իշխանությունը կարող է ստեղծել հանձնաժողով իրեն (հեղափոխությանը) հավատարիմ մարդկանցից: Պրոֆեսորները պետք է մեկ առ մեկ կանչվեն այդ հանձնաժողով, հարցաքննվեն և ապացուցեն, որ իրենք հավատարիմ են «հեղափոխական արժեքներին»: Ով հավատարիմ չէ, ազատվում է աշխատանքից՝ ավելի խիստ պատիժ պետք չէ սահմանել: Ի վերջո, մեզ մոտ ժողովրդավարություն է»:

 Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ 

Հրապարակվել է։ 08:29 30/06/2020