Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իշխանությունը չի համարձակվե՞լ Իջեւանի քաղաքապետի ընտրություններ նշանակել

Տավուշի  մարզպետ Հայկ Չոբանյանը հուլիսի 16-ին ղեկավարվելով  ՀՀ  Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասով  եւ հիմք ընդունելով ՀՀ  կենտրոնական ընտրական  հանձնաժողովի 2018թ հուլիսի 17-ի  «2019թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին»   թիվ 26-Ա որոշումը, որոշել  է  Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում համայնքի ղեկավարի, Խաշթառակ եւ Սարիգյուղ համայնքներում   ավագանու անդամների հերթական ընտրությունները նշանակել  2019թ սեպտեմբերի 29-ին: Մարզպետը վերոհիշյալ համայնքների ղեկավարներին առաջարկել է օրենքով սահմանված կարգով ապահովել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական  գործադիր մարմինների  հարցերով վարչության պետի տեղակալին  հանձնարարել է  ընտրությունների նախապատրաստության եւ անցկացման ժամանակահատվածում համագործակցել  թիվ  37 եւ 38 ընտրատարածքային ընտրական եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ։   Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում   համայնքի ղեկավարի նախորդ  ընտրությունները կայացել են 2015թվականի սեպտեմբերի 20-ին, համայնքի ղեկավար է ընտրվել  Խաշթառակի ներկայիս ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը։ Իջեւան քաղաքում  համայնքի ղեկավարի վերջին ընտրությունները տեղի են ունեցել   Խաշթառակ  համայնքի ղեկավարի ընտրություններից  մեկ շաբաթ առաջ՝ 2015թ սեպտեմբերի 13-ին։ Զարմանալի է , որ 2019թ սեպտեմբերի 29-ին  Իջեւան համայնքի ղեկավարի  ընտրություններ  նշանակված չեն։ Դրա պատճառը հավանաբար  այն է, որ Հայաստան ի իշխանություները չեն որոշել, թե երբ է կատարվելու  Իջեւան քաղաքի միավորումն այլ համայնքների հետ, երբ է խոշորացում արվելու, կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանը  դեռ չի որոշել, թե Իջեւանի համայնքի ղեկավարի  ընտրություններում ով է լինելու իշխող քաղաքական ուժի թեկնածուն։  ՀՀ  կենտրոնական ընտրական  հանձնաժողովի 2018թ հուլիսի 17-ի «2019թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին»   թիվ 26-Ա որոշման  համաձայն, 2019թ սեպտեմբերի 29-ի ընտրություններից հետո  այս տարի Տավուշի մարզում այլեւս ՏԻՄ ընտրություններ  նշանակված չեն։ Դա նշանակում  է , որ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը կշարունակի պաշտոնավարել  իր  լիազորությունների ժամկետն ավարտվելուց  հետո։

Հրապարակվել է։ 09:14 19/07/2019