Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Կոռուպցիայից հետ վերադարձված» գումարը հանգրվանում է իշխանության վերին օղակներում հայտնվածների գրպանում․ «Ազգ»


Ըստ Նիկոլ Փաշինյանի, «կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե»: Մեկ այլ հայտարարությամբ էլ նա նշեց, որ «1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները»: Տեսնենք արդյո՞ք դա այդպես է: Հասկանալու համար, թե ի՞նչ 105 մլն դոլարի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնենք պաշտոնական վիճակագրությունը: Բանն այն է, որ վերոնշյալ գումարը պետք է արտացոլված լինի պետական բյուջեի «այլ եկամուտներ» տողում` ի թիվս ճանապարհային հարկի, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների, հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքների եւ տույժերի, միասնական մաքսային վճարի, դրոշմանիշային վճարների: Համեմատենք 2019 թ.-ի պետական բյուջեի «այլ եկամուտներ» տողում նշված գումարը 2017 թ.-ի նույն տողում նշված գումարի հետ: 2019 թ.ին բյուջեի «այլ եկամուտները» կազմել են մոտ 82 մլրդ դրամ, 2017 թ.-ին` մոտ 65 մլրդ դրամ: Տարբերությունը 17 մլրդ դրամ է կամ մոտ 35 մլն դոլար: Այսինքն, «այլ եկամուտներ» տողում արտացոլված գումարը պակաս է Նիկոլ Փաշինյանի նշած 105 մլն դոլարից: Ընդ որում, ինչպես արդեն նշեցինք, այստեղ արտացոլվում են նաեւ մի շարք այլ վճարներ: Եթե այդ գումարներն էլ հանենք ընդհանուրից, ապա «կոռուպցիոն գումարներ» կոչվածը անգամ 35 մլն դոլարից ավելի նվազ կլինի: Մյուս հայտարարությունը` մեկուկես տարում 1 մլրդ դոլարով բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու մասին: Դարձյալ ըստ վիճկոմի, 2018 թ.-ի երկրորդ կիսամյակում 2017 թ.-ի երկրորդ կիսամյակի համեմատ 77 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են հավաքվել, իսկ 2019 թ.-ին 2018 թ.-ի համեմատՙ 207 մլրդ դրամ: Ստացվեց, որ անցած մեկուկես տարում պետական բյուջեի եկամուտները ավելացել են 284 մլրդ դրամով կամ մոտ 585 մլն դոլարով: Սա, անշուշտ 1 մլրդ դոլար չէ: Միաժամանակ փաստենք, որ բյուջեի եկամուտների տարեկան 100 մլրդ դրամը գերազանցող աճը ոչ աննախադեպ է, ոչ էլ հեղափոխական: Նման աճեր ունեցել ենք նաեւ նախկինումՙ 2007, 2008, 2011, 2013 թվականներին:


 Փաստենք, որ կոռուպցիայից վերադարձված գումարն անգամներով ավելի քիչ է, քան հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ճիշտ այնպես, ինչպես բյուջեի հարկային եկամուտների ավելացած գումարն էապես ավելի քիչ է, քան նրա մյուս հայտարարության մեջ նշվածը : Աստղաբաշխական պարգեւատրումները գերազանցում են «կոռուպցիայից հետ բերված» գումարը Պատկերացում կազմելու համար, թե որքա՞ն գումար է ուղղվել անցյալ տարի մեծ դժգոհություն առաջացրած պետական ապարատի եւ մասնավորապես՝ նրա ղեկավար կազմի պարգեւատրումներին, ներկայացնենք լրատվամիջոցներում հրապարակված տվյալները այդ մասին: Տվյալներ, որոնք տրամադրել են տվյալ գերատեսչությունները ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: Այսպիսով, պարգեւատրումները հետեւյալ կառույցներում կազմել են. ԱԺ աշխատակազմ՝ 900 մլն դրամ, վարչապետի աշխատակազմՙ 500 մլն դրամ, գլխավոր դատախազությունՙ 1,2 մլրդ դրամ, քննչական կոմիտեՙ 1,4 մլրդ դրամ, ՊԵԿՙ 7,9 մլրդ դրամՙ (նախապես ծրագրված 5,6 մլրդ դրամին տարվա ընթացքում լրացուցիչ հատկացվել է 2,3 մլրդ դրամ), պետական վերահսկողության ծառայությունՙ 236 մլն դրամ, Հանրային հեռուստաընկերությունՙ 105 մլն դրամ, ՀՀ նախագահի աշխատակազմՙ 142 մլն դրամ, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿՙ 40 մլն դրամ: Ֆինանսների նախարարությունՙ 500 մլն դրամ, էկոնոմիկայի նախարարությունՙ 500 մլն դրամ, արդարադատության նախարարությունՙ 500 մլն դրամ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունՙ 456 մլն դրամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունՙ 100 մլն դրամ, առողջապահության նախարարությունՙ 185 մլն դրամ, շրջական միջավայրի նախարարությունՙ 217 մլն դրամ, արտակարգ իրավիճակների նախարարությունՙ 1,8 մլրդ դրամ, արտգործնախարարությունՙ 325 մլն դրամ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունՙ 405 մլն դրամ: Ընդ որում, նախարարների գրեթե կրկնակի բարձրացած եւ 1,5 մլն դրամ դարձած եւ փոխնախարարների 1 մլն դրամ դարձած աշխատավարձերն այստեղ ընդգրկված չեն: Արարատի մարզպետարանՙ 118 մլն դրամ, Լոռու մարզպետարան 130 մլն դրամ, Կոտայքի մարզպետարանՙ 220 մլն դրամ, Շիրակի մարզպետարանՙ 243 մլն դրամ, Տավուշի մարզպետարանՙ 103 մլն դրամ, Սյունիքի մարզպետարանՙ 133 մլն դրամ, Գեղարքունիքի մարզպետարանՙ 133 մլն դրամ, Երեւանի քաղաքապետարանՙ 1,9 մլրդ դրամ: Ընդ որում, մարզպետների բարձրացված եւ 900 հազար դրամ դարձած աշխատավարձերն այստեղ ընդգրկված չեն: Կադաստրի կոմիտեՙ 122 մլն դրամ, վիճակագրական կոմիտեՙ 424 մլն դրամ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինՙ 230 մլն դրամ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինՙ 41 մլն դրամ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինՙ 272 մլն դրամ, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինՙ 133 մլն դրամ: Ընդգծենք, որ այս` ոչ ամբողջական ցանկի համաձայն, անցյալ տարի պարգեւատրումներին հատկացվել է մոտ 21,5 մլրդ դրամ: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ «կոռուպցիայից հետ վերադարձված» գումարը հանգրվանում է իշխանության վերին օղակներում հայտնվածների գրպանում: Միաժամանակ, հարկ է նշել, որ պետական համակարգի մոտ 18 հազար աշխատակիցների պարգեւատրումների համար հատկացվել է ավելի շատ գումար, քան 463 հազար կենսաթոշակառուների համար այս տարի հատկացված գումարը: Մասնավորապես, 18 հազար աշխատակիցների համար, ինչպես արդեն նշվեց, հատկացվել է 21,5 մլրդ դրամ, իսկ 463 հազար թոշակառուների թոշակի բարձրացման համար` մոտ 20 մլրդ դրամ: Առաջինները ստացել են տարեկան միջինը 1,2 մլն դրամ լրացուցիչ գումար, երկրորդներըՙ … 43 հազար դրամ : Սա թերեւս լավագույն արտացոլումն է այն բանի, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «նոր Հայաստանը» ու ինչպիսի՞ն է վարչապետի վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ:  

 Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում


Հրապարակվել է։ 07:36 07/03/2020