Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետն Ազատամուտի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել


Տավուշի  մարզպետ Հայկ Չոբանյանը ղեկավարվելով   <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի  27-րդ հոդվածի 1-ին մասով  եւ  հիմք ընդունելով Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու  2020թ ապրիլի 10-ի նիստի <<ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին>> թիվ 13 արձանագրությունը, որոշել է Արթուր Սեյրանի Բեգինյանին 2020թ ապրիլի 16- նշանակել Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում որպես Ազատամուտ համայնքի ղեկավար  դեռեւս նշված է Վահագն Ալավերդյանը, ով 2018թ նոյեմբերի 23-ին նշանակվել է որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար,ապա՝ ընտրվել համայնքի ղեկավար։ Նա ՀՅԴ անդամ էր, սակայն համայնքի ղեկավար պաշտոնավարման ընթացքում հեռացել էր կուսակցությունից։ Նա ցանկանում էր, որ  համայնքների միավորման արդյունքում  Իջեւանի տարածաշրջանում ձեւավորվի առնվազն 2  խոշոր համայնք, որոնցից մեկը կլինի Ազատամուտը։ Սակայն արդեն որոշվել է, որ Իջեւանի տարածաշրջանում   համայնքների  միավորումից  ձեւավորվելու է մեկ խոշոր համայնք՝ Իջեւանը,որը ներառելու է նաեւ Ազատամուտը։ 16 ամիս Ազատամուտ համայնքը ղեկավարելուց հետո հրաժարական տված Վահագն Ալավերդյանը հայտարարել է, որ տարաբնույթ քննարակումներից զերծ մնալու համար տեղեկացնում է, որ իր հրաժարականը քաղաքական կամ անձնական պատճառներից կախված չէ, ինքը պարզապես տեղափոխվում է այլ աշխատանքի եւ այդ կերպ  աշխատելու է նոր ազդակներ հաղորդել Ազատամուտի համայնքի կենսագործությանը։ Հավելենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արթուր Բեգինյանը Ազատամուտ համայնքի ավագանու անդամ է։

 


Հրապարակվել է։ 05:47 09/05/2020