Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Միկրոավտոբուսային երթուղին փակվեց

Ավելի քան 10 օր է, ինչ դադարել է գործել Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին:  Ամեն առավոտ Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղից միկրոավտոբուսը   ուղղություն էր վերցնում Այրում քաղաք, այնտեղից՝ Նոյեմբերյան, ապա՝  դեպի մայրաքաղաք: Կեսօրից հետո այն  Երեւանի կենտրոնական ավտոկայարանից  մեկնում էր հակադարձ ուղղությամբ: Այդ երթուղում աշխատում էր  2 հատ նոր «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս: Միկրոավտոբուսային երթուղում տոմսի գինը բարձր  չէր՝ 2 հազար դրամ: Տաքսիներով, 3 այլ ուղեւորների  հետ  Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ  մեկնելու գինը 3 հազար դրամ է: Տաքսի ավտոմեքենաները 4 ուղեւորներին վերցնում են Նոյեմբերյանի տարածաշրջանի ցանկացած բնակավայրի ցանկացած  կետից,  հասցնում ուղեւորների նշած,  Երեւանի ցանկացած տեղ, կամ՝ Երեւանի հարակից բնակավայրեր: Դա բավական ուշացնում է  ուղեւորների մեկնման եւ ժամանման ժամը,  տաքսի ավտոմեքենաները ճանապարհի կեսին, ԱԳԼՃԿ-ում  գազով լիցքավորվում են, ինչը նույնպես ժամանակի կորստի պատճառ է: Միկրոավտոբուսային երթուղու վարորդ , Արճիս գյուղի բնակիչ Գուրգենը հայտնեց, որ ինքը երթուղին  շահագործում էր 2018թ. օգոստոսից, այդ ընթացքում շատ   ծախսեր է կատարել, երթուղային մեքենաների համար 10 հատ անվադող  գնել: Քանի որ միկրոավտոբուսի  ուղեւորները  քիչ էին , այն  շահույթով չէր աշխատում, ուստի  ստիպված էր դադարեցնել ուղերթները:  Անհավասար մրցակցություն էր , որովհետեւ  նույն ուղեգծում աշխատող  անհատ տաքսիստները, ի տարբերություն  միկրոավտոբուսների սեփականատիրոջ,պետությանը հարկ չեն վճարում:

Հրապարակվել է։ 10:34 19/03/2019