Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փաշինյանը որոշել է ընդհանրապես հաշվի չնստել հանրության որոշ հատվածների մտահոգությունների հետ. «Փաստ»

Մեծ թվով ձայներ ստանալու արդյունքում է, որ Փաշինյանն իրենց իշխանությանը բրենդավորում է որպես ժողովրդի իշխանություն, որից էլ սկսվում է իշխանության անսխալականության բարդույթի ձևավորումը, երբ իշխանությունն իրեն նույնացնում է ժողովրդի հետ, սակայն ժողովրդի իշխանություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ իշխանության ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում ժողովուրդը կարող է պահանջել այդ նույն իշխանության հրաժարականը: Եվ նշված բարդույթի ի հայտ գալու հետևանքով է, որ Փաշինյանը որոշել է ընդհանրապես հաշվի չնստել հանրության որոշ հատվածների մտահոգությունների հետ, որոնք վերաբերում են ամենատարբեր հարցերին։ Ավելին, հասարակության դժգոհ շերտերին վերագրում է «չուզող հարևանի» սինդրոմը: Պարզ ասած՝ վարչապետն ասում է՝ մեր ժողովուրդը չուզող է:

Եվ պատահական չէ, որ երբ կրթության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունից դժգոհությունը լայն թափ ստացավ, և ՀՅԴ-ական երիտասարդները սկսեցին պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, իշխանությունները դժգոհ ուսանողների, դասախոսների, ՀՅԴ-ական երիտասարդների հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու փոխարեն, կրթության ոլորտում իրենց քաղաքական ուղեգիծը համարեցին անբեկանելի և սկսեցին թիրախավորել նրանց և հատկապես ՀՅԴ-ին: Ուշագրավ է, որ ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կրթության ոլորտի շուրջ առկա դժգոհություններին, նշեց. «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»։ Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը, որը հայտարարում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգալու է որպես վարչապետ, շարունակում է հաշվի չնստել դժգոհ քաղաքացիների կարծիքների հետ, պիտակավորել նրանց, վիրավորել: Ընդ որում, հետևողականորեն թիրախավորվում են բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ Փաշինյանի կամ իր թիմի «թանին թթու են ասել»: Այնպես որ, Փաշինյանի անսխալականության բարդույթը գնալով ավելի է խորանում, իսկ դա հանգեցնելու է իշխանության վարկանիշի էլ ավելի կտրուկ անկման: Եթե, իհարկե, անկման տեղ դեռ մնացել է…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում



Հրապարակվել է։ 08:47 07/12/2019