ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Փաշինյանի ստորագրած փաստաթղթով Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ վնասի հատուցման պահանջ է ներկայացնելու». Արա Զոհրաբյան


ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործողությունների պլան.

Ստեղծված ստրկացուցիչ և կործանարար վիճակից դուրս գալու համար, իմ կարծիքով, պետք է կատարել հետևյալ քայլերը՝
     1)
վարչապետ Նիկոլ Փաշինյանը տալիս է հրաժարական.
     2)
ձևավորվում է ժամանակավոր կառավարություն.
     3)
Ժամանակավոր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրի դրույթները համարում է անվավեր, բացառությամբ համաձայնագրի 1-ին կետի (հրադադարի պահպանման), 3-րդ կետի (ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման) և 8-րդ կետի (ռազմագերիների, ձերբակալվածների և մահացածների փոխանակման).
     4)
Ժամանակավոր կառավարությունը, օգտագործելով Հայաստանի բոլոր հնարավոր ռեսուրսները և մարդկանց, բանակցում է Հայաստանի և Արցախի համար առավել արժանապատիվ վիճակ ստեղծելու համար:
    
Հնարավոր կանխատեսումները՝

·         Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականով կարող է մաքրվել, եթե այս նոր գործընթացով Հայաստանը և Արցախն ավելի լավ լուծում ստանան: Հայրենասեր լինելու դեպքում, վարչապետը չի կարող այս հնարավորությունից չօգտվել:

·         Եթե այս ստրկացուցիչ պայմաններով գործարքն իրականանա, ապա հայ-ռուսական հարաբերությունները կտուժեն:

·         Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վնասի հատուցման (մոտ 50 միլիարդ դոլարի) պահանջ է ներկայացնելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնագրի տեքստում օգտագործել է «Հայաստանը վերադարձնում է Աղդամի, Քելբաջարի, Լաչինի տարածքները» բառերը: Եթե օրինակ, դրա փոխարեն նշվեր, որ Հայաստանը ապահովելու է, որ Արցախը կվերադարձնի այդ տարածքերը, ապա այդ խնդիրը չէր լինի:

·         Համաձայնագրում մինչև նոյեմբերի 15-ը վերադարձնելու համար, որպես առաջին տարածք, դիտավորյալ նշվել է Քելբաջարը, որն անառիկ է մնացել և Հայաստանին ու Արցախին կապող հուսալի միջոցն է: Այս տարածքը հանձնելու դեպքում, համաձայնագիրն, անխուսափելիորեն, կիրագործվի:

·         Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը մոտ ապագայում հանգեցնելու է պատերազմի՝ Արցախ վերադարձած ադրբեջանցիների հակահայ կեցվածքի, Հայաստանի տարածքում Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովման, Արցախի ինքնորոշման անորոշ ապագայի առիթներով:

Հիշեցում պաշտոնատար անձանց

- Իրավապահ մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների կողմից Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի իրագործմանը նպաստելը նրանց ուսերին է դնում ողջ պատասխանատվությունը և դարձնում է համաստորագրողներ:
     -
Հրաժարական ներկայացրած կամ իրենց հստակ մերժողական կեցվածքն արտահայտած պաշտոնատար անձինք համաստորագրող չեն համարվի:
     -
Իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք (այդ թվում՝ ոստիկանները) պետք է հիշեն, որ սա սովորական ներքաղաքական վիճակ չէ և քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև համարվելու են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաստորագրողները»:

Հրապարակվել է։ 12:13 14/11/2020