Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սիփան Փաշինյանը ժխտում է, որ ինքն է միջնորդել անտառտնտեսության տնօրեն նշանակել


Մամուլում տեղեկություններ են շրջանառվում , որ ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը  իր պաշտոնից հրաժարական է տվել այն բանից հետո, երբ չի ցանկացել  ԱԺ  պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ընկերոջը՝ Նորայր Պապյանին նշանակել   Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի անտառները  տնօրինող  Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն։ Ըստ այդ լուրերի ՝ Պապյանին  անտառտնտեսության ղեկավար  նշանակելու լոբբինգը արել  է հենց Սիփան Փաշինյանը, սակայն  Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է կատարել  նրա ցանկությունը։ Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո Նորայր Պապյանը նշանակվել է  Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն։  «Տեսանկյունը»   Սիփան Փաշինյանին հարցրեց, թե նա՞  է իրականացրել  Նորայր Պապյանին անտառտնտեսության նշանակելու լոբբինգը։  Տավուշի մարզից ընտրված  Աժ պատգամավորն ասաց, որ ինքը  նման բան չի արել, նշելով, որ իրեն այլ  բաների մեջ  էլ են մեղադրում, օրինակ  զենքի առեւտրի, սակայն այդ լուրերը սուտ են։ 

Տավուշի մարզի առաջին  ատյանի դատարանում 2019թ․ սեպտեմբերի 6-ից ընթանում  է  վերոհիշյալ  Նորայր Պապյանի ծեծի գործով դատավարությունը։ Այդ գործով  մեղադրվում են  Ճամբարակ քաղաքի  4 բնակիչներ՝ Հրայր Լազարյանը, Մաթեւոս Լազարյանը, Արմեն Շառյանը եւ Վահե Դանիելյանը։   Հրայր Լազարյանին մեղադրանք է առաջադրվել  այն  բանի համար, որ նա 2019թ․ ապրիլի 15-ին, ժամը 14-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն է  գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության  ներկայացուցիչ հանդիսացող, Արծավաբերդի անտառտնտեսության պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ՝ երկու անգամ հարվածներ հասցնելով նրա կրծքավանդակին։ Դա կատարվել է այն բանից հետո, երբ վերջինս փորձել է կանխել Հրայր Լազարյանի կողմից փայտանյութի ապօրինի դուրս բերումը։  Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին, Մ. Լազարյանին, Վ. Դանիելյանին եւ Ա. Շառյանին` 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»)։ Վերջին հոդվածը որպես պատիժ նախատեսում  է  5-10 տարի ժամկետով ազատազրկումը։ 4 ամբաստանյալների նկատմամբ   խափանման միջոց է ընտրվել գրավը։

Հրապարակվել է։ 07:15 05/06/2020