+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Top-News.am. Խայտառակության թոփ տասնյակը-2

Օրեր առաջ ներկայացրեցինք Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած թիմի խայտառակությունների թոփ տասնյակ: Այն շատ մեծ տարածում ստացավ եւ դարձավ բուռն քննարկումների, առաջարկությունների առարկա։ Բացառապես ընթերցողների առաջարկներով կազմվել է երկրորդ տասնյակը։

1. Որկրամոլություն. ՀՀ քաղաքացիները 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից շատ չանցած նկատեցին, որ վարչապետը ոչ միայն սիրում է ուտել, այլ նաեւ որկրամոլ է կամ այլ կերպ ասած շատակեր: Նա ուտում է, ագահաբար ուտում է գրեթե ցանկացած միջոցառման ժամանակ, որտեղ հյուրասիրություն կա: Եղավ մի դեպք էլ, երբ Փաշինյանը դժգոհեց, թե ինչու են ուշացնում ուտուշ-խմուշը:

2. Խորոված Մաշտոցի պողոտայում. Իր իսկ հորինած Քաղաքացու օրը, 2019-ի ապրիլի 27-ին Փաշինյանը որոշեց նշել շեշտը դնելով խոզի խորովածի վրա: Քաղաքացու օրը վերածվեց ամենագավառական խորովածանոցի: Ի դեպ, Մաշտոցի պողոտայում խորոված անողներից մեկն էլ հենց ինքն էր:

3. 2019թ. հուլիսի 28. Բաղրամյան փողոցը՝ գորգերի լվացման կետ. Վարդավառի տոնին ավելի անիմաստ զբաղմունք, քան Բաղրամյան փողոցում ԱԺ-ի դիմաց գորգ լվանալը դժվար էր պատկերացնել։ Բայց դա փայլուն արեցին իմ քայլի պատգամավորները եւ Երեւանի քաղաքապետարանը. Իհարկե պետբյուջեի հաշվին։

4. Լուլուն մերժեց համաշխարհային քաղաքագիտությունը. Ո՞վ է կառավարության հենարանը. Իմքայլական պատգամավոր Լուլուն, Լուսինե Բադալյանը, Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ. նոյեմբերի 28-ին, արեց արդեն թեւավոր դարձած հայտարարություն. «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք...»:

5. Պուտինին դիմավորելու եւ ճանապարհելու նուրբ արվեստը. ԵԱՏՄ գագաթնաժողովը, որը 2019թ. հոկտեմբերի 1-ին կայացավ Երեւանում, մասնակցեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին Փաշինյանը չցանկացավ դիմավորել, սական ճանապարհեց ավելի խայտառակ ձեւով։ Արդեն պաշտոնապես հրաժեշտ տալուց հետո, նա ըստ լուրերի, ոչ այնքան սթափ վիճակում, շտապեց օդանավակայան, հանդիպում խնդրեց նրա հետ, որից հետո գրկախառնվեց: Փաշինյանին հավանորեն անհանգստացրել էր այն, որ նախքան Երեւանից մեկնելը Պուտինը հանդիպել էր կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

6. Կարեւորը ոչ թե երեխայի առողջությունն է, այլ Փաշինյանի ռեյտինգը. Ասֆալտին փռելու, պատին ծեփելու շրջանակներում գործը հասավ նաեւ ԱԺ նախկին նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանին, որին 2019թ. հոկտեմբերի 23-ին հարցաքննության տարան կամ հրավիրեցին վիրահատության սեղանի մոտից, ինչը չտեսնված խայտառակություն է ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային պատմության մեջ: Նույնիսկ ֆաշիստական Գերմանիայի զորքերն էին թույլ տալիս, որ իրենց գրաված բնակավայրերում բժիշկները շարունակեն կատարել իրենց գործը:

7. Սիլվա Համբարձումյան՝« լեդի կաշառք». Փաշինյանի կառավարման շրջանում հայտնվեց մի ֆենոմեն՝ Սիլվան, որը պատվերով ցուցմունքներ է տալիս, պնդելով, թե ՀՀ իշխանության ներկայացուցիչներին միլիոնավոր դոլարների կաշառք է տվել: Հիմնվելով այս կնոջ ֆանտաստիկ ցուցմունքների վրա հարուցվեցին քրեական գործեր, բայց որեւէ իրավապահի մտքով չանցավ քրեական գործ հարուցել միլիոնավոր դոլարների կաշառք տված կնոջ նկատմամբ, որը, ըստ իր ցուցմունքների, գուցե տարածաշրջանում Իլհամ Ալիեւից հետո ամենահարուստ մարդն է:

8. Քրեական գործեր ադրբեջանցու ցուցմունքով. Քրեական գործ հարուցվեց Պավել Անդերսոն անուն ազգանունով ոմն անձնավորության եւ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ցուցմունքներով: Հետո սկսվեց դատաիրավական խայտառակությունը. պարզվեց, որ Անդերսոնը ադրբեջանցի է եւ որոնվում է Ռուսաստանի իրավապահների կողմից, եւ որ խարդախության համար, գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

9. Տարածաշրջանի առաջատարը. Նիկոլ Փաշինյանը 2020թ. սկզբում հայտարարեց, թե մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ով առաջ ենք անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնենք նաեւ Ադրբեջանին: Այս հայտարարությունն առաջացրեց ոչ միայն ադրբեջանական, այլ բարեկամ Վրաստանի իշխանությունների վրդովմունքը, որոնք ամենաբարձր մակարդակով հերքեցին Փաշինյանին, փաստացի նրան մեղադրելով ոչ հավաստի վիճակագրություն ներկայացնելու մեջ: Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարը կոպիտ կերպով կասկածի տակ դրեց covid-19-ի վերաբերյալ Վրաստանի պաշտոնական վիճակագրությունը, ինչը վրացական կողմի հերթական բուռն ռեակցիան առաջացրեց։

10. Արայիկ Հարությունյան. վերջին 10-րդ խայտառակությունը կարիք չունի մանրամասնության. Պարզապես՝ Արային Հարությունյան։

Top-News.am

Հրապարակվել է։ 13:17 25/08/2020